Site icon politcom

Պուտին-Բայդեն «գագաթաժողովն» իրավիճա՞կ է փոխել

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն Պուտին-Բայդեն հեռավար գագաթաժողովի հնարավոր արդյունքների մասին խոսելիս չափազանց էական բացահայտում է արել․ 2014թ․-ին, երբ Ղրիմը «միավորվել է» Ռուսաստանին, նախագահ Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի միջեւ ձեռք է բերվել գաղտնի պայմանավորվածություն, որ «Իսրայելը մահաբեր սպառազինություն չի վաճառի Ուկրաինային»։ Մեկնաբանի հայացքով՝ Ռուսաստանը նման պայմանավորվածության կարող է հասնել նաեւ Միացյալ Նահանգների հետ։ Այս համատեքստում դիտարժան է, որ հենց այդ շրջանում է ինստիտուցիոնալացել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական, տեխնոլոգիական եւ հետախուզական համագործակցությունը։
Ուշադրություն է գրավում նաեւ այն, որ ՌԴ նախագահի Հնդկաստան այցից հետո Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հայտարարեցին Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի հարցում վերջնական պայմանավորվածության եւ առաջիկայում փորձնական բեռնափոխադրումներ իրականացնելու մասին։ Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստան էր այցելել, իսկ իրանական կողմը՝ հայտարարել, որ Պարսից ծոցի նավահանգիստներից մեկը կարող է Հնդկաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար օգտագործվել։ Դեռեւս տեղեկություն չկա, որ Հայաստանի տարածքով Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրը քննարկումներից դուրս է մնում, բայց Իրան-Ադրբեջան-Վրաստան համաձայնությունը, կարծես, կատարված փաստ է։ Ռուսական փորձագիտական հանրությունը միշտ էլ քննադատաբար է արձագանքել Հայաստանի տարածքով «Հյուսիս-հարավ» միջազգային բեռնափոխադրումների նախագծին։
Այս համապատկերին Իլհամ Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցքի» բացման «կոնկրետ ժամկետ նշելու» մասին հայտարարությունը բոլորովին այլ իմաստ է ստանում։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալիեւի «վերջնագիրը» գնահատել է «անսպասելի» եւ նշել, որ եռակողմ աշխատանքային խմբում մինչ այդ «քննարկումները կառուցողական էին»։ Իլհամ Ալիեւի «դեմարշն», անկասկած, արտաքին աջակցություն ունի։ Ի՞նչ է փոխվել՝ դժվար է եզրակացություն անել։ Տպավորություն է, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեւավորվել է ընդհանուր մոտեցում։ Այն է՝ պետք է վերադառնալ նախկին պայմանավորվածություններին, որ ենթադրում են ամերիկյան պատժամիջոցների աստիճանական թուլացում, եթե Իրանը հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանը դեկտեմբերի 8-ին չափազանց կոշտ հայտարարություն է արել, թե Վիեննայում «բանակցությունների պատուհանը չի կարող միշտ բաց մնալ»։ Թեհրանը պահանջում է «ապօրինի պատժամիջոցների լիակատար չեղարկում» եւ իր տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցում՝ այն գնահատելով շուրջ մեկ տրիլիոն դոլար։ Հունաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հրապարակայնացրել է, որ Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա եւ հույս հայտնել, որ «եկող տարեսկզբին այդ այցը տեղի կունենա»։ Սա հնչում է «վերջնագրի» տեսքով։ Ըստ երեւույթին, ՌԴ նախագահը ԱՄՆ պաշտոնակցին Իրանի հարցով «ինչ-որ խոստումներ է տվել»։
Հայաստանի հարավում «տրանսպորտային միջանցքի» շուրջ իրավիճակում արտաքին ուժերից միայն Իրանն է միանշանակորեն դեմ արտահայտվել «տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությանը»։ Հստակ տեղեկություն կա, որ անցած օրերին ԱՄՆ են այցելել Իսրայելի պաշտպանության նախարարը եւ «Մոսադի» տնօրենը՝ համոզելու նախագահ Բայդենին, որ Վիեննայի բանակցությունների վերջնական ձախողման դեպքում գործի դրվի Իրանի դեմ «Բ» պլանը։ Դա ենթադրում է Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորում։ Ադրբեջանն, անկասկած, կներգրավվի Իրանի դեմ իսրայելական «կետային հարվածների» ապահովման գործողություններում, եւ Իլհամ Ալիեւի «զանգեզուրյան վերջնագիրը», թերեւս, ներգրվում է այդ համատեքստին։
Դեկտեմբերի 8-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց։ Այդ մասին կողմերի տարածած հաղորդագրությունները տրամագծորեն տարբերվում են։ Եթե Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափում ԼՂ համապարփակ կարգավորման առաջնահերթությունը, ապա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտադրում է հայ-ադրբեջանական սահմանանշման գործընթացի շուտափույթ մեկնարկի եւ հաղորդուղիների ապաշրջափակման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարեւորության վրա։
Ռուսաստանը նաեւ նախաձեռնել է 3+3 ձեւաչափով առաջին հանդիպումը, որ կայացել է դեկտեմբերի 10-ին։ Հստակ կանխատեսելի է, որ Ադրբեջանը պնդելու է, որ Սյունիքում ունենա «էքստերիտորիալ միջանցք»։ Ըստ որոշ աղբյուրների, հակառակ դեպքում Բաքուն «կպնդի, որ Լաչինի միջանցքում ունենա սահմանային եւ մաքսային հսկողություն»։ Իրադարձությունների նման զարգացման պարագայում չի կարելի բացառել, որ Իլհամ Ալիեւը կհրաժարվի Բրյուսելում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից։
Միանգամայն իրատեսական է սահմանային լարվածության եւս մեկ կամ մի քանի փուլ, սադրանքներ կարող են արվել նաեւ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։ Ադրբեջանը շարունակաբար պնդում է ԼՂ-ում «հայկական ապօրինի զինված խմբավորումների կազմալուծման անհրաժեշտությունը»։ Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հնչեցրել է եռակողմ՝ ռուս-ադրբեջանա-ղարաբաղյան «պարեկային ծառայություն կազմակերպելու» գաղափարը՝ շեշտելով, որ «ստեղծվելիք կառույցի ֆինանսավորումը կապահովի Ադրբեջանը»։ Դա լուրջ մարտահրավեր է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version