Site icon politcom

Արեւմուտքը կզսպի՞ Էրդողանի «չինական ցատկը»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի եւ հավաքական Արեւմուտքի առնվազն քաղաքակրթական դիմակայությունը, կարծես, փորձագիտական կանխատեսումներից վերածվում է իրականության։ Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի դրսեւորման համապատկերին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «կանցնի  չինական մոդելին»։ Ըստ երեւույթին, Արեւմուտքի քաղաքական վերահսկողության ներքո գործող միջազգային ֆինանսական կառույցներից նա երկրի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ միջոցներ չի ակնկալում կամ դիվանագիտական խողովակներով դիմել, բայց մերժում է ստացել։
Տնտեսության «չինական մոդելին» անցնելու մասին Էրդողանի ծրագրային հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական շրջանակներում։ Խորհրդարանում թվով երկրորդ խմբակցություն ունեցող Ժողովրդա-հանրապետական (քեմալական) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան հեգնանքով ասել է․ «Մեր գլխավոր տնտեսագետը, որ դիպլոմ  չունի, ընտրել է չինական մոդելը։ Չինաստանը էժան աշխատուժ է, անպաշտպանվածություն, եկամուտների բացակայություն, աղքատություն։ Բայց, չնայած դրան, Չինաստանում նվազագույն աշխատավարձը 385 դոլար է, Թուրքիայում՝ 205։ Նրանք (Էրդողանը եւ շրջապատը) ուզում են, որ մարդիկ աշխատեն՝ հազիվ ապահովելով իրենց կիսաքաղց գոյությունը, բայց իրենց կողմնակիցները բազմակի ավելացնեն կապիտալը»։
Կոռուպցիայի, ստվերային տնտեսության եւ փողերի լվացման թեման Թուրքիայում քաղաքական մրցապայքարի կռվան է ընդդիմության ձեռքին։ Նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը սոցցանցային գրառում է արել․ «Հարգելի Էրդողան, դուք չեք կարող Թուրքիայի տնտեսությանը չինական ապրանքներ հագցնել։ Այս երկրում ժողովրդավարական արժեքները խոր արմատներ ունեն, գիտակցություն, եւ նրանք չեն դառնա ձեր նեղ կարծրատիպերի գերին։ Նախկինում մենք տնտեսական խնդիրները լուծում էինք թուրքական մոդելով, բայց հիմա ասում են, որ դուք տնտեսությանը պարտադրում եք չինական մոդել»։
Նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն իր հերթին հեգնել է․ «Կարելի՞ է մի երկրում խոսել չինական մոդելից, որտեղ մեկ ժամի աշխատանքը գնահատվում է մեկ դոլար եւ քսան ցենտ, իսկ նվազագույն աշխատավարձը՝ հազիվ հասնում երկու հարյուր դոլարի։ Բայց նրանք (Էրդողանը եւ իր կուսակիցները) խոսում են պետության չինական մոդելի մասին»։ Իշխող տպավորությունները, կարծես, ամփոփել է forOrhun անունով սոցցանցերում գրանցված օգտատերը․ «Նախ խոսում էին, որ մենք կմտնենք Եվրամիություն, իսկ հիմա, երեւում է, մենք նմանվում ենք Հարավ-արեւելյան Ասիայի երկրներին։ Տնտեսության չինական մոդելը մեր տան շեմին է»։
Կարելի է, թերեւս, եզրակացնել, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունը ոչ այնքան տնտեսական, որքան որ քաղաքական նշանակությամբ է կարեւոր։ Պաշտոնամուտի ելույթում ԱՄՆ նախագահ Բայդենը երկրի թիվ մեկ սպառնալիք է գնահատել Չինաստանը։ Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է Չինաստանի «զսպումը»։ Նույնիսկ Ռուսաստանն է այս իմաստով երկրորդ տեղում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ռազմա-քաղաքական դաշինք, որտեղ «եղանակ է ստեղծում» ԱՄՆ-ը։ Տնտեսության «չինական մոդելին» անցնելու մասին Էրդողանի հայտարարությունը վկայում է թուրք-ամերիկյան հարաբերություններում խոր տարաձայնությունների մասին։
ՆԱՏՕ-ի հարավային թեւում տեղի է ունենում Թուրքիայի դերի վերագնահատում։ Այդ են վկայում ԱՄՆ-ի եւ Հունաստանի միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հունաստանը նաեւ խոշորածավալ ռազմական պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի հետ։ Միջազգային մամուլում ավելի ու ավելի վստահաբար են ենթադրում, որ ԱՄՆ-ը «Ինջիրլիքի ռազմակայանը կտեղափոխի Հունաստան»։ Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները։ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հույն-թուրքական լարվածությանն ի պատասխան միավորվում են Հունաստանը, Կիպրոսը եւ Եգիպտոսը։ Հավանական է, որ այդ ալյանսին միանա նաեւ Իսրայելը։
Ըստ երեւույթին, Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ բարդ հարաբերություններն են Էրդողանին մղել՝ ֆորմալացնելու «Թուրքական աշխարհը»։ Այդ առթիվ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «Թուրքական աշխարհի մաս են»։ Սա բաց ազդակ է եվրաատլանտյան բեւեռին։ Ըստ էության, Ռուսաստանը եւ Չինաստանը, հավանաբար, «Թուրքական աշխարհի» համար քաղաքակրթորեն ավելի հարազատ են, քան՝ Արեւմուտքը։
Դեպի Չինաստան, դեպի Հարավ-արեւելյան Ասիա Թուրքիայի տնտեսական, ապա նաեւ ռազմա-քաղաքական «երթը» չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի հետ սկզբունքային պայմանավորվածությունների։ Այս իմաստով Սյունիքում հաղորդուղիների բացումն ստանում է աշխարհա-քաղաքական նշանակություն։ Այդ նախագիծը Թուրքիան կկապի Չինաստանի հետ, բայց եւ՝ Պակիստանի, որը փաստացի միջուկային զենքի տիրապետող երկիր է։
Թուրքիայի «չինական մոդելն», այսպիսով, մարտահրավեր է նաեւ Հայաստանին։ Իհարկե, տեսանելի ռեժիմում լարվածությունը պրոյեկտվելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց Բաքուն, անկասկած, ունենալու է արտաքին շատ ազդեցիկ աջակցություն։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Իրանն էլ, կարծես, հակված է «Թուրքական աշխարհի» հետ համաձայնությունների։ Ի՞նչ ընթացք կունենան Ռուսաստան-ԱՄՆ, ՆԱՏՕ-Ռոուսաստան հարաբերությունները։ Այստեղ, ցավոք, լավատեսության հիմքեր չկան․ Ռուսաստանը պնդում է սեփական եվրասիական ինքնությունը։ Իսկ դա նշանակում է եթե ոչ ֆորմալ, ապա առնվազն պրագմատիկ համագործակցություն «Թուրքական աշխարհի» հետ։ Արեւմուտքին կհաջողվի՞ Թուրքիայում «փակել Էրդողանի դարաշրջանը»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version