Վատիկանը ԼՂ կարգավորման «միջնո՞րդ» է

Վատիկանը ԼՂ կարգավորման «միջնո՞րդ» է

Շուրջ մեկ ամիս առաջ Մոսկվա էր այցելել Վատիկանի «արտաքին գործերի նախարարը»։ Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի պատասխանատուների հետ արարողակարգային հանդիպումից հետո նա բանակցություններ է վարել ՌԴ արտգործնախարարի հետ, ինչպես նաեւ արժանացել Ռուսաստանի վարչապետի ընդունելությանը։ Կողմերի միջեւ բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտել է «Հարավային Կովկասում իրավիճակի քննարկումը»։
Ժամանակագրական առումով դա համընկավ Հայաստանում Վատիկանի «դեսպանատան» բացմանը, Ռուս ուղղափառ եկեղեցու Երեւանի եւ Հայաստանի թեմի հաստատմանը, իսկ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը հավանություն է տվել Վատիկանում դեսպանություն ստեղծելու՝ կառավարության նախաձեռնությանը։ Այս իրադարձությունները, սակայն, հայ քաղաքական եւ փորձագիտական հանրության կողմից, կարծես, լուրջ ուշադրության չեն արժանանում։ Թեեւ փաստ է, որ Մոսկվայում ՌՈՒԵ Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպումից առաջ Վատիկանում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ուղեկցությամբ, իսկ Մոսկվայում նրա հետ էր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը։
Երեւում է, Վատիկանի հետաքրքրվածությունը կրոնականից վեր՝ նաեւ քաղաքական ենթատեքստ ունի։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը, որ համատեղության կարգով իր երկիրը ներկայացնում է նաեւ Սուրբ աթոռում, ուշագրավ հայտարարություն է արել։ Նա կարեւորել է հայ-ադրբեջանական դիվանագիտական կարգավորումը եւ համագործակցության հեռանկարը եւ ավելացրել, որ Բաքուն այդ հարցով դիմել է Վատիկանի միջնորդությանը։ Ավելի վաղ ռուսաստանցի որոշ փորձագետներ էին կանխատեսել, որ ԼՂ կարգավորման համար «Հայաստանը զուգահեռ հարթակներ է ստեղծում»՝ ակնարկելով Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հռոմի պապի՝ մեկ տարվա ընթացքում երկու հանդիպումները։
Այս «անդրկուլիսային զարգացումները», հավանաբար, պետք է դիտարկել եկող տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։ Օրերս Հայաստան է այցելել նախագահական մրցապայքարի նախապատրաստվող՝ գրող եւ քաղաքական գործիչ Զեմուրը, այցելել հայ-թուրքական սահման եւ սոցցանցային գրառում կատարել այն կտրվածքով, որ Հայաստանը «քրիստոնեական քաղաքակրթության օրրան է եւ ունի Ֆրանսիայի աջակցության կարիքը»։ Ֆրանսահայ կառույցները Զեմուրի այդ գրառումը քննադատել են՝ համարելով, որ «քրիստոնյա-իսլամ հակադրությունը վտանգավոր է, չի կարելի իսլամի գույներով ներկել պանթուրքականությունը»։
Հասկացվում է, որ Զեմուրի Հայաստան այցը բացառապես նախընտրական քարոզչություն է, եւ ֆրանսահայ կառույցներն այդպիսով, կարծես, բացահայտել են, որ նրան  չեն աջակցի։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան փակել է 21 մզկիթ, որտեղ «իսլամական արմատականություն է քարոզվել»։ Թուրքիայում եւ Ադրբեջանում վերջին մեկ-երկու տասնամյակներին ակնհայտ են հակաքրիստոնեական տրամադրությունները։ ԼՂ կարգավորման հարցում Ադրբեջանը միշտ շեշտադրել է իսլամական համերաշխության գործոնի վրա։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքվում զգուշանում են, որ Հայաստանը կարող է «քրիստոնեական դաշինք միավորել»։ Վատիկանի հետ քննարկումները, Սուրբ աթոռի միջնորդությանը դիմելը վկայում են, որ Ադրբեջանը հակակշռող քայլեր է ձեռնարկում։
Խնդրահարույց է, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական ժառանգության եւ քրիստոնյա համայնքների պահպանման հարցում Վատիկանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին վաղուց մրցակցության մեջ են, յուրաքանչյուրը սպասարկում է քաղաքական որոշակի շահ։ ՌՈՒԵ պարագայում շահառուն միանշանակորեն հայտնի է՝ Ռուսաստանը։ Ու՞մ շահերն է սպասարկում Վատիկանը՝ որոշակիորեն հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ քաղաքակրթական առումով դա Արեւմուտքն է։
Այս դեպքում մարտահրավեր է, որ ԼՂ կարգավորմանը Վատիկանի միջնորդությունը Մոսկվայում ընկալվում է Հարավային Կովկասում Արեւմուտքի ազդեցությունը տարածելու եւ ամրապնդելու դիտանկյունից։ Ռուս ուղղափառ եկեղեցին Ադրբեջանի տարածքում քրիստոնեական ժառանգության գնահատման վերջնական դիրքորոշում չունի։ Հայտնի չէ նաեւ Վատիկանի մոտեցումը։ Ադրբեջանը պնդում է, որ պատմա-մշակութային այդ ժառանգությունը «հայկական չէ, այլ՝ ուդի-աղվանական»։
Սա զուտ կրոնա-մշակութային կամ նույնիսկ քաղաքակրթական բանավեճ չէ։ Պատմա-մշակութային, էթնիկ-կրոնական իդենտիֆիկացումը քաղաքական է եւ ԼՂ կարգավիճակի հարցում սկզբունքային նշանակություն ունի։ Ի՞նչ սպասումով է Ադրբեջանը դիմել Վատիկանի միջնորդությանը, Սուրբ աթոռը հայկական կողմի հետ այդ հարցով քննարկումներ ունեցե՞լ է։ Առկա իրողությունների դիտարկմամբ՝ ՀԱԵ Արցախի թեմի դերակատարությունը կարելի է եւ պետք է դարձնել դիվանագիտական ռեսուրս։

նման նյութեր