Մակրոնը եւ Պուտինը․ «մեծ խաղ» կսկսվի՞

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին հայկական փորձագիտական եւ քաղաքական շրջանակների դիսկուրսը կենտրոնացած էր ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության վրա։ Իրականում պետք է դիտարկել ավելի լայն համատեքստ։ Եկող տարեսկզբին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, 2022 թվականը երկրի համար նախընտրական է, եւ գործող նախագահը մտադիր է պայքարել այդ պաշտոնում երկրորդ ժամկետով մնալու համար։ Մինչ այդ Գերմանիայում տեղի է ունեցել իշխանափոխություն, ձեւավորվել է կառավարող կոալիցիա, որի քաղաքական ապագան այնքան էլ հստակ չէ։
ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են հանդիպել մինչեւ տարեվերջ։ Դա տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցից, ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հեռավար բանակցություններից, Հունաստանի վարչապետի Մոսկվա այցից հետո՝ ռուս-ամերիկյան խորհրդատվությունների նոր փուլի մեկնարկին զուգահեռ։ Եվրոպայում առանձնահատուկ իրավիճակ է՝ կապված Ուկրաինայի շուրջ իրադարձությունների մի քանի սցենարի հավանականության հետ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ խորհրդատվությունների մտադրության մասին՝ քննարկելու Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը։
Ամռան վերջին-աշնան սկզբին ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերություններում լարվածություն է առաջացել, որը թեեւ «հաղթահարված է», բայց պաշտոնական Փարիզը շարունակում է պնդել, որ Եվրոպան «պետք է վերագտնի ինքնիշխանությունը»։ Փորձագետները գտնում են, որ մեծ քաղաքականությունից Անգելա Մերկելի հեռանալը Ֆրանսիայի համար հնարավորություն է, որպեսզի Եվրամիությունում առաջատարի դիրք գրավի։ Դրանով է, թերեւս, պայմանավորված Պուտին-Մակրոն նոր բանակցությունների անհրաժեշտությունը։
Եվրոպայում, իհարկե, ոչ ոք այնքան «խելագար» չէ, որպեսզի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ գնա բաց առճակատման, բայց Ռուսաստանի պահանջը՝ իրավական երաշխիքներ ունենալ, որ ՆԱՏՕ-ն դեպի արեւելք այլեւս չի տարածվի, փորձություն է ոչ միայն Հյուսիս-ատլանտյան դաշինքի, այլեւ՝ Միացյալ Նահանգների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների, ամենից առաջ՝ Լեհաստանի եւ Մերձբալթիկայի համար։ Այդ երկրները չեն ցանկանում «բուֆեր» լինել Ռուսաստանի եւ դասական Եվրոպայի միջեւ՝ իրենց հերթին պահանջելով ազգային անվտանգության երաշխիքներ։
Մակրոնն, իհարկե, ամենից առաջ Ֆրանսիայի նախագահն է, առաջնորդվում է իր երկրի կենսական շահերով, բայց եւ, երեւի, չի կարող անցնել հաամեվրոպական համերաշխության «վրայով» եւ Ռուսաստանի հետ գնալ անջատ համաձայնությունների։ Իր հերթին Ռուսաստանն էլ, կարծես, եվրոպական միասնությունը խաթարելու քաղաքական ծրագիր չի հրապարակում։ Մոսկվային պետք է Արեւմուտքի հետ հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որ թույլ կտան բացառել Ուկրաինայի եւ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։
Մակրոնը նման երաշխիք տալ չի կարող։ Որպեսզի Ֆրանսիան համաեվրոպական «եղանակ ստեղծի»՝ Մակրոնին դեռ պետք է հաղթել նախագահական ընտրություններում։ Այս իրավիճակում ՌԴ նախագահը նրա հետ հեռանկարային համաձայնության հարց չի քննարկի։ Առավելագույնը, որ կարող է անել Պուտինը, կլինի ընտրություններին Մակրոնին աջակցությունը, բայց մյուս կողմից էլ, հնարավոր է, Ռուսաստանին ավելի ձեռնտու լինի Ֆրանսիայում աջ-ազգայնական ուժերի հաղթանակը։
Քաղաքական այս անորոշության պայմաններում, ըստ երեւույթին, չափազանցված կլիներ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցից եւ նախատեսված առկա հանդիպումից ԼՂ հարցում որեւէ շոշափելի արդյունք ակնկալել։ Ամենայն հավանականությամբ, ճիշտ են վերլուծաբանները, որ ասում են, թե ԼՂ հարցում ընտրվել է «փոքրիկ քայլերի» ռազմավարություն։ Նպատակը մեկն է՝ մեղմել լարվածությունը, ձեւավորել վստահության նվազագույն միջավայր, ապաշրջափակման, հաղորդուղիների վերագործարկման, նոր ենթակառուցվածքների նախագծման միջոցով ապագա քաղաքական քննարկումների նախապատրաստվել։ Բրյուսելյան հանդիպումներից հիմնական տպավորությունը դա է։
Տեղեկատվա-քարոզչական հարթությունում, իհարկե, շեշտադրվելու է Ֆրանսիայի «բացառիկ դիրքորոշումը»։ Բայց փաստն այն է, որ Մակրոնը չի կատարել Հայաստան այցելելու խոստումը, գերադասել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել Բրյուսելում։ Դա պետք է հասկանալ այնպես, որ Ֆրանսիան չափազանց թանկ է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի կարգավիճակը եւ այն փորձության չի ենթարկում նույնիսկ նախընտրական նկատառումներով։ Չէ՞ որ Ֆրանսիայի հայ համայնքի աչքում Մակրոնի հեղինակությունը չափազանց բարձր կլիներ, եթե նա պատերազմի տարելիցին այցելեր Երեւան եւ համերաշխություն հայտներ։
Մակրոնը սառնասիրտ գտնվեց։ Ըստ երեւույթին, այդ կեցվածքին նպաստել է նաեւ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը։ Պուտինին ձեռնտու է, որ բրյուսելյան քննարկումները որակվում են որպես «Սոչիի շարունակություն»։ Այդպես ընդգծվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ դերը, Թուրքիան որոշակիորեն մնում է ստվերում։ Ֆրանսիան, կարելի է ենթադրել, քաղաքական աջակցություն է ցուցաբերելու ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը եւ լրացուցիչ քաղաքական բարդություններ չի ստեղծելու առնվազն մինչեւ նոր իշխանության ձեւավորումը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր