Site icon politcom

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են օրենքով սահմանված կարգով

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրողի կողմից հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ վերջիններս 2008թ. փետրվար և մայիս ամիսներին ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, այսինքն՝ կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով՝ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող հանցավոր արարքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարվել են 2008թ. փետրվար և մայիս ամիսներին, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2023թ. մայիս ամսին:
Այլ կերպ ասած, նրանց կողմից ենթադրյալ կաշառք ստանալուց անցել է շուրջ 14 տարի, և եթե նրանք մինչև 2023թ. մայիս ամիսը դատարանի կողմից մեղավոր չճանաչվեն ու չենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով այլևս չեն կարող ենթարկվել պատասխանատվության, եթե չառարկեն, որ իրենց նկատմամբ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:
Նույն իրավիճակն է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում. Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Սերժ Սարգսյանին մեղսագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, և տվյալ դեպքում, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 10 տարի:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2023թ. փետրվարի 7-ին, այսինքն՝ լրանում է նրա կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու 10 տարին, և նա, եթե մինչև 2023թ. փետրվար ամիսը դատարանի կողմից մեղավոր չճանաչվի ու չենթարկվի քրեական պատասխանատվության, ապա վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով այլևս չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե չառարկի, որ իր նկատմամբ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:
Ի դեպ, Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Սակայն այս գործը, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվող նույն գործն է, որի վաղեմության ժամկետը նույնպես լրանում է 2023թ. փետրվար ու մարտ ամիսներին:
Վերը նշվածից հետևում է, որ նշված գործերով լավագույն ցանկության դեպքում անգամ մինչև վերը նշված ժամկետների լրանալը, հնարավոր չի լինելու ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:
Եթե հնարավոր է եղել գործի քննությունը ձգձգել 3 տարի, 1 տարին ի՞նչ է, որ չձգձգեն:
Մինչև առաջին ատյանի դատարանները հրապարակեն դատավճիռ, հետո այդ դատական ակտերը բողոքարկվեն վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, կլրանա նրանց պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:
Իհարկե՛, տեսականորեն, ամբաստանյալները կարող են սկզբնական փուլում առարկել վաղեմության կիրառման դեմ՝ այն պահելով որպես վերին պահին օգտագործվող միջոց:
Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց մեղսագրվող արարքների համար այս իշխանության օրոք պատասխան չեն տալու, հետևաբար, որքան հնարավոր է շուտ ավարտեք այս թատրոնը, կոռուպցիայի դեմ տարվող այս կեղծ պայքարը և մեր հասարակությանն էլ հիմարի տեղ մի դրեք:
Այսպես ձախողել կոռուպցիայի դեմ պայքարը, այսպես տապալել օրինականության վերականգնման գործընթացը, այսպես մսխել վստահության ռեսուրսը, ժողովրդի վստահությունն ու հավատն իր վաղվա օրվա նկատմամբ, հնարավոր էր միայն մի դեպքում, եթե իսկզբանե այդ մարդիկ երաշխիք են ունեցել, որ երբևէ պատասխանատվության չեն ենթարկվելու:
Այս մասշտաբի ձախողման համար ո՞վ պետք է պատասխան տա: Գործող իշխանության քաղաքական ձախողումն էլ ինչպե՞ս է լինում…
Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version