Site icon politcom

Դասագի՞րք, թե՞ «սարսափի» տեսիլք

Մեր տրամադրության տակ է հանրակրթական դպրոցների երկրորդ դասարանի համար նախատեսված «Մայրենիի» դասագիրքը՝ Անժել Քյուրքչյանի և Լիլիթ Տեր- Գրիգորյանի խմբագրությամբ։
Միանգամից ասենք, որ այս դասագիրքը նախատեսված է յոթ- ութ տարեկան մանկահասակ երեխաների համար։
Նախ, ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ պատմությունների, հեքիաթների հերոսներն ունեն օտար անուններ։ Օրինակ՝ Բեմբի եղնիկը կամ Ուեմբ արջուկը։ Որևէ կերպ այս օտարամոլությունը բացատրելի չէ, մանավանդ, որ մանկահասակ երեխաների համար էլ դժվար է մտապահել այս անունները։
Բայց սա միայն սկիզբն է։

Պատմություններն ու հեքիաթները նման են «սարսափ» պատմությունների՝ ուղեկցված ծանր դրվագներով, դաժան սյուժեներով, վախի տեսարաններով։
Բեմբի եղնիկի դժվար պատմությունները, պատուհասած բնական աղետները ոչինչ են Ուեմբ արջուկի ողբերգական վիճակի հետ, որը «կորցրել էր մորն ու եղբայրներին ու ամբողջ աշխարհում մենակ է մնացել»։
Բայց Բեմբի եղնիկի բախտն էլ չի բերում, որովհետև «չար մարդիկ» գալիս են որսի ու մայր եղնիկը՝ հանուն իր ձագուկի, «հերոսաբար» զոհում է իր կյանքը։
Կամ մեկ այլ պատմության հերոս էլ մի խեղճ ու որբացած մանուկ է, որ ձգված չքավորության ճիրաններում, հարկադրված վաճառում է հոր տնկած եղևնին։

Շարունակել պետք չէ, ուղղակի ապշում ես, որ ԿԳՍՄ-ում որոշել են՝ նման կերպ աշխարհայացք, ճաշակ, աշխարհի մասին պատկերացում ձևավորել մանկահասակ երեխաների մոտ։ Ո՞վ կամ ովքե՞ր են թույլ տվել նման դասագրքերի տպագրությունը, մուտքը դպրոցներ, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու, որ նման ձևով խեղվում են մի ամբողջ սերնդի պատկերացումներ՝ աշխարհի, մարդկության, բարի ու չարի մասին։
Նման դասագրքերով դաստիրակվելու է բարդույթավորված մի սերունդ, որի ամբողջ կյանքն ուղեկցվելու է «սարսափի» տեսիլքներով։
Ի դեպ, այս հոդվածը, թերևս, չգրվեր, եթե ականատես չլինեինք մի իրական պատմության, երբ երկրորդ դասարանցի մի աղջնակ տխրահռչակ դասագրքի հայտնի պատմությունը կարդալով՝ հորն ասում էր, թե վերջինիս մահից հետո երբեք չի կտրի նրա տնկած եղևնին․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version