«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մոսկվայի համար շատ ավելի հաճելի է, որ Հարավային Կովկասում, Հայաստանից բացի, արդեն ունի մեկ այլ ռազմավարական գործընկեր, որն Ադրբեջանն է». Սուրեն Սուրենյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդմամբ` վաղն Ադրբեջանի նախագահը ժամանելու է Մոսկվա, ու նախատեսվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվելու է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որով այդ երկրների միջև հարաբերությունները, ըստ էության, հասնելու են դաշնակցային մակարդակի: Այդ հռչակագիրն ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար:

– Նախ նշեմ, որ կանխատեսելի էր Բաքվի ու Մոսկվայի ռազմավարական գործընկերությունը, որն արդեն դե ֆակտո գոյություն ունի, փաստաթղթավորվելու է, այսինքն՝ ռազմավարական հարաբերությունները, որոնք դե ֆակտո գոյություն ունեին արդեն մի քանի տարի, ֆորմալիզացվում են, այս առումով Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր որակ դժվար թե կարելի է ակնկալել:

Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ Մոսկվան ակնհայտորեն պարիտետ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ կան և՛ դրական, և՛ բացասական պահեր:

– Որո՞նք են այդ պահերը:

– Դրականն այն է, որ Մոսկվան այսպիսով մեծացնում է իր անուղղակի պատասխանատվությունը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու գործում, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ էության, նրա ռազմավարական դաշնակիցներն են, ու երկուսի վարքագծի վրա էլ Մոսկվան ձեռք է բերում ազդեցության գործիքներ:

Ռիսկային է այն, որ միշտ վտանգ գա, ինչպես պատմության ընթացքում մի քանի անգամ եղել է, հայկական շահերի հաշվին տեղի է ունենում կուս-ադրբեջանական մերձեցում: Հիմա մենք կարող ենք օգտագործել ստեղծված իրավիճակի պլյուսնե՞րը, թե՞ մինուսները՝ կախված է մի շարք գործոններից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Մոսկվայի ցանկություններից կամ առաջնահերթություններից ու, ի վերջո, Հայաստանի պետական կամ քաղաքական համակարգի որակներից:

– Պարո՛ն Սուրենյանց, տրամաբանակա՞ն է, որ Ռուսաստանի Դաշնությունը դաշնակից կարող է լինել այնպիսի երկրների, որոնք թշնամի պետություններ են:

– Փորձեմ փոխադարձ հարցով պատասխանել. ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ն համագործակցել կամ իր շարքերում ընդունել, ասենք՝ Հունաստանին և Թուրքիային, որոնք ունեն թշնամական հարաբերություններ: Այսինքն՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը, կայսրություններ են ու առաջնորդվում են իրենց օրակարգերով և շահերով, մենք իրավունք չունենք մեր փոքր պատուհանից գնահատել կայսրությունների քաղաքականությունը: Կայսրություններին պետք է, որ վերահսկեն տարածաշրջանը, իրենց մաքսիմալիստական օրակարգն առավելագույնս ռեալիզացնեն:

Աշխարհում չկա որևէ կայսրություն, որը չձգտի տարբեր փաստաթղթերի կամ գործնական քաղաքականության միջոցով մեծացնել իր ազդեցությունն այս կամ այն տարածաշրջանում: Եթե նայենք Մոսկվայի դիրքերից՝ նրա համար շատ ավելի հաճելի է, որ Հարավային Կովկասում, Հայաստանից բացի, արդեն ունի մեկ այլ ռազմավարական գործընկեր, որն է Ադրբեջանը: Եթե հնարավորություն ունենար՝ նույնաբովանդակ փաստաթուղթ կստորագրեր նաև Վրաստանի հետ:

– Ճի՞շտ եմ ձեզ հասկանում, որ այս հռչակագրի ստորագրմամբ, Ռուսաստանի Դաշնությունն իր դիրքերն էլ ավելի է ամրապնդում Հարավային Կովկասում:

– Բնականաբար, եթե որևէ տարածաշրջանում Հայաստանից բացի մեկ այլ երկիր էլ է ընդունում իր ու Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը, դա ավտոմատ հանգեցնում է նրան, որ տարածաշրջանում ռուսական ազդեցությունն ավելի է մեծանում: Երկրորդն էլ՝ կարող ենք արձանագրել, որ պաշտոնապես Մոսկվան դառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գլխավոր կամ միակ մենեջերը՝ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ, փաստացի չգոյության պայմաններում:

– ՌԴ-ի հետ նման հռչակագիր ստորագրելու որոշումը Ադրբեջանը համաձայնեցրե՞լ է Թուրքիայի հետ, ի՞նչ եք կարծում:

– Ալիևի նման հմուտ գործիչները հազիվ թե իրենց համար որոշակի երաշխիքներ չստեղծեն, այսինքն՝ նա հմուտ գործիչ է ու, բնականաբար, Թուրքիայի հետ համաձայնեցրել է այդ քայլը, ես գրեթե կասկած չունեմ: Հետո, եկեք չմոռանանք, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ 2021 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանը ստորագրեց նաև Թուրքիայի հետ՝ Շուշիի հռչակագիրը, որը երկու պետության խորհրդարաններն էլ վավերացրին վերջերս: Այսինքն՝ Ադրբեջանը հիմա մի երկիր է, որը արտաքին քաղաքականության մանևրի ավելի մեծ հնարավորություն ունի 44-օրյա պատերազմից հետո և փորձում է իր հարաբերությունները ռազմավարական հարթության վրա դնել թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի հետ:

Ավելին ասեմ՝ ուկրաինական ճգնաժամն Ադրբեջանին խիստ պահանջարկված երկիր է դարձրել նաև Եվրամիության համար, որովհետև, գիտեք, Եվրոպան ունի գազի ու նավթի այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտություն, քանի որ ուզում են թուլացնել իրենց միակողմանի կախվածությունը Ռուսաստանից, ու տակավին վերջերս Բաքվում՝ Եվրամիության շատ բարձր ներկայացուցիչների հետ Ալիևը բավականին հաջող բանակցություններ ունեցավ:

Երբ երկրիդ սուբյեկտայնությունը բարձր է, նա կարողանում է մի քանի կենտրոնների հետ ռազմավարական հարաբերությունների համակարգ ձևավորել և ավելի ամրապնդել իր անվտանգությունը: Ադրբեջանը հիմա փորձում է պատերազմում տարած իր հաղթանակը կապիտալացնել:

– Պարո՛ն Սուրենյանց, ենթադրենք՝ սահմանային դեպքեր են լինում կամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ Հայաստան-Ադրբեջան սահմանին, ՌԴ-ն հավասարապես օգնում է երկու կողմի՞ն էլ:

– Մոսկվան որևէ մեկին չի օգնելու, իր շահերից ելնելով՝ փորձում է պարիտետային քաղաքականություն վարել՝ ավելի շուտ ոչ թե որևէ մեկին օգնի, այլ որպեսզի որևէ մեկին չնեղացնի: Եթե Հայաստանում ունենանք ադեկվատ իշխանություն, հնարավոր է խուսափել այն սցենարներից, որ հայկական շահերի հաշվին տեղի ունենա ռուս-ադրբեջանական մեղրամիս:

– Այնուամենայնիվ, այդ ստորագրվելիք հռչակագիրն ավելի շատ հետևանքնե՞ր, թե՞ արդյունքներ կունենա Հայաստանի համար:

– Ավելի կանխատեսելի կարող է դառնալ Ադրբեջանի վարքագիծը, եթե Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ ռելսերի վրա դնի: Որքան Ռուսաստանը կարողանա մեծ վերահսկողություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ, այնքան Ռուսաստանի միջոցով մենք կարող ենք նվազագույնի հասցնել Ադրբեջանից եկող ագրեսիվ ռիսկերը:

– Այսօր այդ հարաբերությունները ճիշտ ռելսերի վրա՞ չեն, պարո՛ն Սուրենյանց:

– Հիմա Հայաստանն ընդհանրապես սուբյեկտություն չունի: Հայաստանը հիմա հայտնվել է մի տխուր վիճակում, երբ մեր իշխանությունը ոչ թե հայ-ռուսական բնականոն հարաբերություններ է իրականացնում, այլ ցանկացած հարցում հայցում է Մոսկվայի ողորմածությունը, որը, բնականաբար, դժվար է համարել ինքնիշխան երկու երկրների հարաբերություններ:

Իհարկե, կայսրությունները միշտ շատ ավելի ուժեղ են լինում երկկողմ հարաբերություններում, այսինքն՝ ես այնքան միամիտ չեմ, որ ենթադրեմ, թե Հայաստանը ողջամիտ ու ադեկվատ իշխանություն ունենա՝ հայ-ռուսական հարաբերությունները լրիվ հավասար ու գործընկերային են լինելու, բայց այդ հարաբերություններին ճիշտ մոտենալու դեպքում Մոսկվան էականորեն կհարգի Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր