Այս մարդուն` Անդրանիկ Փիլոյանին, 44-օրյա պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անտեղի հերոսացրեց` շնորհելով Ազգային հերոսի կոչում, հետո նախարար նշանակեց, այսօր ձերբակալեց` կոռուպցիոն մեղադրանքով։ Այսպես է Հայաստանում արժեզրկվում Ազգային հերոսի ինստիտուտը` Փաշինյանի թեթև ձեռքով։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանն այսօր` իր ղարաբաղյան քաղաքականությունը հիմնավորելու նպատակով, մեջբերումներ էր անում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի` նախկինում արված հայտարարություններից։ Թերեւս, Փաշինյանն այսպիսով ցանկանում էր` Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցների այսօրվա քննադատության մոտիվացիան թուլացնել։
Բայց երբ Փաշինյանն իր խոսքն «ամրապնդում» է նախկին երկու նախագահների կարծիքներով, ապա չես կարողանում զսպել գայթակղությունդ ու Քոչարյան- Սարգսյան- Փաշինյան «համերաշխ եռյակին» մի հարց չտալ` եթե այդքան ռացիոնալ էիք, ինչո՞ւ չգնացիք արժանապատիվ խաղաղության, փոխզիջումների` հնարավոր դարձնելով այս մահաբեր պատերազմը, Հայաստանի ու Արցախի նվաստացումը։

«Նոր միության» կամ «թուրքական վիլայեթի» կոնտրաստը, երկընտրանքը կեղծ քաղաքական օրակարգ է։
Հայաստանը պարտավոր է ռազմավարական գործընկերություն ունենալ Ռուսաստանի հետ, բայց նաև ակտիվ քաղաքական երկխոսություն հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Այս հարաբերությունները, որոնք երբեք չի կարելի հարկադրել, մեծ հաշվով` ուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը, անվտանգային սպառնալիքների ու ռիսկերի չեզոքացմանը։
Բա Արցախի հարցը` կհակադարձեն մեզ։
Նայած ինչ եք հասկանում` Արցախի հարց ասելով։
Այս պահին մեզ համար դա ոչ թե անկախության կամ դեօկուպացիայի կեղծ օրակարգ է, այլ Արցախ հայկականության, անվտանգության ապահովում, հայաթափության կանխում։
Արցախի անկախության հարցում Հայաստանը չունի դաշնակիցներ` Ադրբեջանը դրան դեմ է, բայց դրան դեմ են նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան, անգամ` ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնց պատկերացրած կարգավիճակը միանգամայն այլ բան է ենթադրում։
Անիրատեսական օրակարգով կարող ենք հակադրվել միջազգային, ռեգիոնալ համատեքստին` ունենալով նոր կորուստներ։ Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության թեման օրակարգ է, որը Հայաստանի համար դիալոգի կանալ է բացում` ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ` միջազգային ազդեցիկ խաղացողների հետ։

Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, ինչպես Արցախի տեղեկատվական կենտրոնն է պնդում՝ «ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով»։
Համադրեք, մի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, մյուս կողմից` հայկական միջավայրում հայ- ադրբեջանական հարաբերություններին վերաբերող դիսկուրսի ողբալի մակարդակը ու ադրբեջանական նոր սադրանքի մոտիվը միանգամայն հասկանալի կդառնա։

Ինչպես միշտ` մեր «փորձագետներն» ավելի չափազանցված գույներով էին ներկայացնում այդ առաջարկությունները։
Եթե առանձին- առանձին չքննարկենք 5 կետերը, ապա մեծ հաշվով` դրանք վերաբերում են երեք հիմնական խնդրի` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու պարտավորվում են հետագայում միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել, դելիմիտացիա\ դեմարկացիա ու կոմունիկացիաների ապաշրջափակում։
Ինչպես տեսնում ենք` «Զանգեզուրի միջանցքի» պահանջ գոյություն չունի ու եթե բանակցությունների ընթացքում Բաքուն նման խնդիր բերի օրակարգ, ապա Երևանը պարտավոր է հստակ պատասխանել, որ ապաշրջափակումն ու կոմունիկացիաների բացումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հաշվին։ Վստահ եմ, որ ճիշտ բանակցելու դեպքում` Հայաստանը կարող է պահել «կարմիր գիծը»:
Հայաստանը սկզբունքորեն կարող է պահել «կարմիր գիծը» նաև դելիմիտացիա/դեմարկացիայի հարցում` պնդելով անկլավների ստատուս- քվոն պահպանելու անհրաժեշտությունը։
Գանք ցավոտ խնդրին` ԼՂ կարգավիճակին։
20-25 տարի մենք մերժել ենք արժանապատիվ խաղաղության օրակարգը ու պատերազմում ստացել ենք նվաստացուցիչ պարտություն։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԼՂ անկախության կամ Հայաստանին միացման հարցում մենք ունենք զրո դաշնակից։ Արցախի անկախության հարցը չենք կարող հետապնդել նաև բանակցային գործընթացում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո չունենք փոխզիջելու բան(մինչև պատերազմը` դա ԼՂՀ-ին հարող յոթ շրջաններն էին ու տեսականորեն կարող էր աշխատել «տարածքներ` անկախության կամ գոնե` ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևը):
Հիմա չկա Արցախի ժողովրդի անվտանգությունը երկարաժամկետ կտրվածքով ապահովելու այլ տարբերակ, քան է` հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որտեղ հեռանկարներ պետք է բացվեն ԼՂ-ի լայն ինքնավարության համար` ամրապնդված միջազգային երաշխիքներով։
Ըստ այդմ, Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի։

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասում է, որ իրենց համար առաջնայինը կարգավիճակի(անկախության) հարցն է։
Համոզված ենք` նման պնդում կանեն նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական գործիչների մեծ մասը, երբ հայտնվեն տեսախցիկների առջև։
Սա քաղաքական սովորական անմեղսունակություն է, երբ Արցախի ու ժողովրդի էքզիստենցիալ վտանգի, Արցախի իրական հայաթափման ռիսկերի համատեքստում խոսվում է կարգավիճակի առաջնահերթության մասին։
Երբ ժամանակին հնարավորություն կար իրական փոխզիջման ճանապարհով հասնել Արցախի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի, բոլորիս, ովքեր արտահայտվում էինք ԼՂ-ին հարող տարածքները փոխզիջելու օգտին՝ «ոչմիթիզականները», «հայդատականները» անվանում էին «դավաճան»։
Լևոն Տեր-Պետրոսյանից հետո` Հայաստանի բոլոր ղեկավարները, ներառյալ` Նիկոլ Փաշինյանը, եղել են «ոչմիթիզականության» գծի մեջ, նրանց սպասարկել է քաղաքական ողջ համակարգը` չնչին բացառություններով։
Կոլեկտիվ անպատասխանատվությամբ հասանք 44-օրյա մահաբեր պատերազմին։
Մահաբեր բոլոր առումներով, երբ զոհաբերեցինք ոչ միայն հազարավոր լույս կյանքերի, այլ նաև` Հայաստանի սուբեկտությունը, Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հեռանկարը, արժանապատիվ խաղաղության օրակարգը։
Հիմա` երբ մեր միակ անելիքը պետք է լինի Արցախի ժողովրդի, հայկականության ապահովումը, դարձյալ անիրատեսական օրակարգի մեջ ենք` իմպերատիվ համարելով ԼՂ-ի կարգավիճակը։
Նման պնդումներ անողները չե՞ն գիտակցում, որ այլեւս Հայաստանը փոխզիջելու ոչինչ չունի` Արցախի անկախությանը հասնելու համար, չե՞ն հասկանում, որ նոր անիրատես օրակարգը դառնալու է Արցախի հայաթափմանն ու Հայաստանի պետականության կորստի փակուղային ճանապարհը, մանավանդ, երբ մեր մաքսիմալիստական օրակարգի շուրջ չունենք որևէ դաշնակից։
Ո՞ւմ վրա եք դրել հույսներդ` այլեւս գոյություն չունեցող Մինսկի խմբի համանախագահությա՞ն, թե՞ ռուսական հավերժ ներկայության։ Կամ` ո՞վ, ովքե՞ր են ձեզ համոզել, որ ռուսական օրակարգը մշտապես պարտավոր է սպասարկել հայկական շահեր։ Եթե այդպես լիներ, Լիսագորի մոտ վնասված գազատարը կվերանորոգվեր հաշված ժամերի ընթացքում, կամ էլ` հակառակորդը կդադարեցներ Արցախի սահմանակից գյուղերի ժողովրդին ահաբեկելու քաղաքականությունը։
Մոսկվայի հետ, հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական դիալոգի միջոցով պետք է հասնել ԼՂ խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։
Այսօր Արցախի անկախության կամ միացման օրակարգը ցնորք է։
Պետք է հասնել Արցախի վարչատարածքային բարձր ինքնավարությանը` միջազգային երաշխիքներով ամրապնդված։
Ադրբեջանն այսօր դրան էլ է դեմ, պնդում է ԼՂ-ի հայերի մշակութային ինքնավարության թեզը, բայց կարծում եմ` եթե պաշտոնական Երեւանը վարի հմուտ ու հետեւողական արտաքին քաղաքականություն, ապա ԼՂ վարչատարածքային լայն ինքնավարության, դրա ու Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների հարցերում կարող ենք ունենալ դաշնակիցներ։
Իրական օրակարգ որդեգրելու համար դեռ ժամանակ ունենք, եթե ուզում ենք կանխել համազգային աղետը…