«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Վահագն Խաչատուրյանը ինքնակամ համաձայնել է Փաշինյանի մոտ նոտար աշխատելու, հետևաբար լիազորություններից բողոքելու խնդիր ունենալ չէր կարող». Սուրեն Սուրենյանց
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանական իշխող խմբակցության 71 կողմ ձայնով, ընտրության երկրորդ փուլով Վահագն Խաչատուրյանը ընտրվեց ՀՀ հինգերորդ նախագահի պաշտոնում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նորընտիր նախագահի աշխատանքից՝ հաշվի առնելով վերջին երկու օրվա նրա ելույթները:

– Հանրապետության հինգերորդ նախագահին իր ելույթներով չէ, որ պետք է ճանաչեմ: 90-ականների վերջից սկսած՝ ես Վահագն Խաչատուրյանին անձամբ եմ ճանաչում: Զուտ անձնական առումով պետք է արձանագրեմ, որ ՔՊ-ն դրական ընտրություն է կատարել, այսինքն՝ պարոն Խաչատուրյանն ունի պրոֆեսիոնալիզմ ու մարդկային որոշակի որակներ:

Բայց ես, իհարկե, նրա փոխարեն չէի համաձայնի ստանձնել այդ պաշտոնը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ նոր նախագահը պետք է ապահովի քաղաքական ներդաշնակություն, ու եթե բարդ տերմինոլոգիան փոխադրենք կենցաղային լեզվի՝ նշանակում է, որ նոր նախագահը պետք է օգնի Նիկոլ Փաշինյանին ապահովելու իշխանության կենտրոնացումը, այսինքն՝ ավարտին հասցնելու այն պրոցեսը, որն ընդունված է համարել անձնակենտրոն համակարգ:

– Բայց պարոն Խաչատուրյանն այդտեղ որևէ խնդիր չի տեսնում, ավելին՝ համակարծիք է, որ իշխանության տարբեր թևեր պետք է սինքրոնիզացված աշխատեն:

– Եթե այդ մտքի մեջ խնդիր տեսներ, Նիկոլ Փաշինյանի թիմում չէր լինի, իհարկե, իշխանության մարմինները պետք է սինքրոն աշխատեն, դա նաև Սահմանադրությամբ է ամրագրված: Այլ խնդիր է ներդաշնակ աշխատանքը, այլ՝ այն ենթատեքստը, որն ընկած է Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական ներդաշնակություն արտահայտության տակ: Նախագահը պետք է լինի պետության գլուխ, արբիտր, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից բխում է, որ նախագահը դառնում է ընդամենը քաղաքական թիմի կցորդ:

– Այդ առումով համակարծի՞ք եք, պարո՛ն Սուրենյանց, ընդդիմության ներկայացուցիչների հետ, որ Վահագն Խաչատուրյանը լինելու է ոչ թե ՀՀ նախագահ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի»:

– Անկախ նրանից՝ ինչ որակումներ կտան, լեգալ մեխանիզմներով Վահագն Խաչատուրյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ, այսինքն՝ նրա լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում, անկախ հանգամանքից, թե ինչպես նրան կկոչենք: Շատ բացասական է, որ միայն ՔՊ ձայներով է ընտրվել նախագահ, շատ բացասական է, որ մինչև ընտրություն նա այդպես էլ չփորձեց հանդիպումներ ունենալ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Կանխատեսում եմ, որ պարոն Խաչատուրյանը, անկախ իր անձնական որակներից, չի կարող իրականացնել հասարակությանը կոնսոլիդացնելու առաքելությունը, ոչ թե այն պատճառով, որ չի ուզում, այլ այն պատճառով, որ նա խիստ կաշկանդված է լինելու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից:

– Ընդդիմության բոյկոտն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Բոյկոտի մարտավարությունը մեկ դեպքում եմ արդյունավետ համարում, եթե այդ կերպ առաջարկվում է այլընտրանքային գործունեության հարթակ, իսկ եթե այն ինքնանպատակ է, ավելի շուտ նմանվում է քաղաքական անգործության: Եթե ես լինեի խորհրդարանական ընդդիմության փոխարեն, ակտիվ կմասնակցեի գործընթացին, նույնիսկ թեկնածու կառաջադրեի՝ գիտակցելով, որ ընդդիմության թեկնածուն ընտրվելու շանս չունի:

– Նրանց հիմնավորումը, թե չմասնակցեցին այս ընտրությանը, որ չլեգիտիմացնեն իշխանության, իրենց բնորոշմամբ՝ օրենքին հակասող գործընթացը, ձեզ համար ընդունելի՞ է:

– Տեղի են ունեցել ԱԺ ընտրություններ, որոնց լեգիտիմության շուրջ մեծ կասկածներ գոյություն չունեն, այսինքն՝ հասարակությունն այդ ընտրությունների արդյունքներն ընդունել է, Սահմանադրական դատարանը ընդունել է, միջազգային կազմակերպություններն ընդունել են, այսինքն՝ ԱԺ-ի լեգիտիմության վերաբերյալ կասկածներ գոյություն չունեն:

Հիմա, հանրապետության նախագահ ընտրվում է ԱԺ-ի կողմից, եթե գործող լեգիտիմ մարմինը լեգալ ընթացակարգերով ընտրում է երկրի նախագահ, անկախ նրանից՝ ով կմասնակցի այդ գործընթացին, ով՝ ոչ, այդ ընտրությունները լեգիտիմ են համարվելու:

Այլ խնդիր է, որ ընտրության նշանակությունը նսեմացվում է, եթե նախագահը, որը պետք է պետության գլուխ լինի, իր ընտրության համար պարտական է լինում ոչ թե կոնսոլիդացված քաղաքական համակարգին, այլ ընդամենը իշխող կուսակցությանը:

Կարճ ասած՝ նախագահի ընտրությունը լեգիտիմ է, այլ խնդիր է, որ քաղաքական այս ընտրությունը նսեմացված է քաղաքական հարթության վրա, որովհետև պետության գլխի ընտրության հարցում հնարավոր չեղավ քաղաքական կոնսենսուս ձևավորել:

– Պարո՛ն Սուրենյանց, քանի որ իր ելույթում պարոն Խաչատուրյանը խոսեց նաև նախագահի լիազորությունների մասին ու, ի տարբերություն նախկին նախագահ Արմեն Սարգսյանի, չբողոքեց դրանցից, այս առումով էական տարբերություն կտեսնե՞նք նախկին նախագահի ու նորընտիր նախագահի գործելակերպում:

– Նախ՝ Վահագն Խաչատուրյանը ինքնակամ համաձայնել է Նիկոլ Փաշինյանի մոտ նոտար աշխատելու, հետևաբար բողոքելու խնդիր չէր կարող ունենալ: Այսինքն՝ այն, ինչ ես ասացի՝ քաղաքական ներդաշնակության բանաձևի համատեքստում նախագահ դառնալը, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանի մոտ նոտար աշխատել:

Երբ Արմեն Սարգսյանը նախագահ էր դառնում 2018 թվականին, նա էլ չէր բողոքում լիազորություններից, այնպես որ, եկեք վաղաժամ ենթադրություններ չանենք: Հենց, տեսականորեն, մի օր Վահագն Խաչատուրյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հակասություններ առաջանան, շատ հնարավոր է, որ պարոն Խաչատուրյանն էլ բողոքի լիազորությունների բացակայությունից:

– Այնուամենայնիվ, նոր նախագահի պաշտոնավարմամբ Հայաստանի Հանրապետության կյանքում փոփոխություններ չե՞ն լինի:

– Որպես մարդ՝ նրան շատ դրական եմ վերաբերվում, բայց Վահագն Խաչատուրյանը այս երկրում ոչինչ չի որոշելու, անկախ նրանից՝ կլինի նախագահ, նախարար, թե այլ պաշտոն կզբաղեցնի, ամեն ինչը որոշելու է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար Վահագն Խաչատուրյանի ընտրվել-չընտրվելուց այս երկրում ոչինչ չի փոխվի, նույնիսկ եղանակն ավելի տաք կամ ցուրտ չի դառնա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր