Իրական օրակարգ որդեգրելու համար դեռ ժամանակ ունենք, եթե ուզում ենք կանխել համազգային աղետը…

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ասում է, որ իրենց համար առաջնայինը կարգավիճակի(անկախության) հարցն է։
Համոզված ենք` նման պնդում կանեն նաև Հայաստանի ու Արցախի քաղաքական գործիչների մեծ մասը, երբ հայտնվեն տեսախցիկների առջև։
Սա քաղաքական սովորական անմեղսունակություն է, երբ Արցախի ու ժողովրդի էքզիստենցիալ վտանգի, Արցախի իրական հայաթափման ռիսկերի համատեքստում խոսվում է կարգավիճակի առաջնահերթության մասին։
Երբ ժամանակին հնարավորություն կար իրական փոխզիջման ճանապարհով հասնել Արցախի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի, բոլորիս, ովքեր արտահայտվում էինք ԼՂ-ին հարող տարածքները փոխզիջելու օգտին՝ «ոչմիթիզականները», «հայդատականները» անվանում էին «դավաճան»։
Լևոն Տեր-Պետրոսյանից հետո` Հայաստանի բոլոր ղեկավարները, ներառյալ` Նիկոլ Փաշինյանը, եղել են «ոչմիթիզականության» գծի մեջ, նրանց սպասարկել է քաղաքական ողջ համակարգը` չնչին բացառություններով։
Կոլեկտիվ անպատասխանատվությամբ հասանք 44-օրյա մահաբեր պատերազմին։
Մահաբեր բոլոր առումներով, երբ զոհաբերեցինք ոչ միայն հազարավոր լույս կյանքերի, այլ նաև` Հայաստանի սուբեկտությունը, Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հեռանկարը, արժանապատիվ խաղաղության օրակարգը։
Հիմա` երբ մեր միակ անելիքը պետք է լինի Արցախի ժողովրդի, հայկականության ապահովումը, դարձյալ անիրատեսական օրակարգի մեջ ենք` իմպերատիվ համարելով ԼՂ-ի կարգավիճակը։
Նման պնդումներ անողները չե՞ն գիտակցում, որ այլեւս Հայաստանը փոխզիջելու ոչինչ չունի` Արցախի անկախությանը հասնելու համար, չե՞ն հասկանում, որ նոր անիրատես օրակարգը դառնալու է Արցախի հայաթափմանն ու Հայաստանի պետականության կորստի փակուղային ճանապարհը, մանավանդ, երբ մեր մաքսիմալիստական օրակարգի շուրջ չունենք որևէ դաշնակից։
Ո՞ւմ վրա եք դրել հույսներդ` այլեւս գոյություն չունեցող Մինսկի խմբի համանախագահությա՞ն, թե՞ ռուսական հավերժ ներկայության։ Կամ` ո՞վ, ովքե՞ր են ձեզ համոզել, որ ռուսական օրակարգը մշտապես պարտավոր է սպասարկել հայկական շահեր։ Եթե այդպես լիներ, Լիսագորի մոտ վնասված գազատարը կվերանորոգվեր հաշված ժամերի ընթացքում, կամ էլ` հակառակորդը կդադարեցներ Արցախի սահմանակից գյուղերի ժողովրդին ահաբեկելու քաղաքականությունը։
Մոսկվայի հետ, հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական դիալոգի միջոցով պետք է հասնել ԼՂ խնդրի երկարաժամկետ կարգավորմանը։
Այսօր Արցախի անկախության կամ միացման օրակարգը ցնորք է։
Պետք է հասնել Արցախի վարչատարածքային բարձր ինքնավարությանը` միջազգային երաշխիքներով ամրապնդված։
Ադրբեջանն այսօր դրան էլ է դեմ, պնդում է ԼՂ-ի հայերի մշակութային ինքնավարության թեզը, բայց կարծում եմ` եթե պաշտոնական Երեւանը վարի հմուտ ու հետեւողական արտաքին քաղաքականություն, ապա ԼՂ վարչատարածքային լայն ինքնավարության, դրա ու Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների հարցերում կարող ենք ունենալ դաշնակիցներ։
Իրական օրակարգ որդեգրելու համար դեռ ժամանակ ունենք, եթե ուզում ենք կանխել համազգային աղետը…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր