Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանին հասցեագրված իր 5 առաջարկությունները։
Ինչպես միշտ` մեր «փորձագետներն» ավելի չափազանցված գույներով էին ներկայացնում այդ առաջարկությունները։
Եթե առանձին- առանձին չքննարկենք 5 կետերը, ապա մեծ հաշվով` դրանք վերաբերում են երեք հիմնական խնդրի` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու պարտավորվում են հետագայում միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել, դելիմիտացիա\ դեմարկացիա ու կոմունիկացիաների ապաշրջափակում։
Ինչպես տեսնում ենք` «Զանգեզուրի միջանցքի» պահանջ գոյություն չունի ու եթե բանակցությունների ընթացքում Բաքուն նման խնդիր բերի օրակարգ, ապա Երևանը պարտավոր է հստակ պատասխանել, որ ապաշրջափակումն ու կոմունիկացիաների բացումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հաշվին։ Վստահ եմ, որ ճիշտ բանակցելու դեպքում` Հայաստանը կարող է պահել «կարմիր գիծը»:
Հայաստանը սկզբունքորեն կարող է պահել «կարմիր գիծը» նաև դելիմիտացիա/դեմարկացիայի հարցում` պնդելով անկլավների ստատուս- քվոն պահպանելու անհրաժեշտությունը։
Գանք ցավոտ խնդրին` ԼՂ կարգավիճակին։
20-25 տարի մենք մերժել ենք արժանապատիվ խաղաղության օրակարգը ու պատերազմում ստացել ենք նվաստացուցիչ պարտություն։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ԼՂ անկախության կամ Հայաստանին միացման հարցում մենք ունենք զրո դաշնակից։ Արցախի անկախության հարցը չենք կարող հետապնդել նաև բանակցային գործընթացում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո չունենք փոխզիջելու բան(մինչև պատերազմը` դա ԼՂՀ-ին հարող յոթ շրջաններն էին ու տեսականորեն կարող էր աշխատել «տարածքներ` անկախության կամ գոնե` ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևը):
Հիմա չկա Արցախի ժողովրդի անվտանգությունը երկարաժամկետ կտրվածքով ապահովելու այլ տարբերակ, քան է` հայ- ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որտեղ հեռանկարներ պետք է բացվեն ԼՂ-ի լայն ինքնավարության համար` ամրապնդված միջազգային երաշխիքներով։
Ըստ այդմ, Բաքվի` բանակցելու առաջարկը պետք է ընդունվի. դիալոգն այլընտրանք չունի։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր