Որ քաղաքական ուժերն են միանալու վաղվա հանրահավաքին

Որ քաղաքական ուժերն են միանալու վաղվա հանրահավաքին

Ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնությամբ տեղի կունենա հանրահավաք՝ «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով: Հանրահավաքի կազմակերպիչ խմբակցությունները կոչ են արել ՀՀ և ԱՀ բոլոր կուսակցություններին ևս միանալ իրենց: Oragir.news-ը զրուցեց տարբեր կուսակցությունների անդամների հետ՝ իմանալու, թե արդյոք մտադիր են միանալ հանրահավաքին։ Մեզ հետ զրույցում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ չի պատրաստվում միանալ ընդդիմության կազմակերպած հավաքին։ «Չենք միանալու հավաքին մի քանի պատճառով։ Նախ՝ ես նշաններ չեմ տեսնում, որ այս ընդդիմությունը, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո բոլոր ակցիաների կազմակերպիչը լինելով, վերանայի իր մարտավարությունը։ Այսինքն՝ ես տեսնում եմ, որ նույն կարգախոսներով, նույն հռետորաբանությամբ, նույն մոտեցումներով են գործընթացի մեջ մտնում, իսկ այդ քաղաքական գիծը թե՛ փողոցում և թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձախողվել է, և ես չեմ կարծում՝ առանց նոր մոտեցումների հնարավոր է հաջողության հասնել։ Երկրորդ՝ վաղվա հանրահավաքի օրակարգը մեզ համար մինչև վերջ հասկանալի չէ, որովհետև եթե հակադրվում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությանը, պարտավոր են ասել՝ որն է այլընտրանքը։ Ես չեմ կարծում, որ առանց այլընտրանքը նշելու՝ հակադրությունն արդյունավետ մոտեցում է։ Եվ երրորդ՝ ես մնում եմ այն համոզմանը, որ ներկա իրավիճակում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գերլարված վիճակ է աշխարհում, ներքաղաքական հակադրությունը խնդիրները լուծելու ամենալավ ձևը չէ։ Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ մենք պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, հակառակը, մենք Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը համարում ենք ձախողված, չկա մի ոլորտ, որ այս իշխանությունը չի ձախողել։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե այս իշխանությանը մերժում ենք, մենք հասարակությանը հստակ պետք է ցույց տանք քաղաքական նոր բովանդակություն, քաղաքական այլընտրանք, ինչը վաղվա հանրահավաքի կազմակերպիչների դեպքում չեմ տեսնում։ Եթե քաղաքական այլընտրանք ցույց չես տալիս, այդ միտինգը ոչ մի խնդիր չի լուծելու, նույնիսկ հնարավոր է՝ ավելի ուժեղացնի իշխանության դիրքերը։ Մենք երևի եզակի կուսակցություններից մեկն ենք, որ տարածաշրջանային խնդիրներում, ԼՂ խնդրում ունենք հստակ մոտեցում։ Եթե մենք դեմ ենք իշխանության վախվորած քաղաքականությանը, դա չի նշանակում, որ մերժում ենք հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական երկխոսության հնարավորությունը։ Եթե մենք իշխանությանը մեղադրում ենք օրակարգ չունենալու մեջ, դա չի նշանակում, որ այս երկխոսության մեջ չունենք մեր տեսլականը։ Մենք կարևոր ենք համարում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։ Հենց սա է մեր և հարթակային կամ տիտղոսային ընդդիմության գլխավոր տարբերությունը։ Իսկ եթե մի օրակարգ քեզ հասկանալի չէ, այդ հանրահավաքին մասնակցելը, մեղմ ասած, այնքան էլ նպատակահարմար չէ, մանավանդ որ մենք այս ընդդիմադիր հարթակի հետ համագործակցության մեկ անհաջող փորձ արդեն ունենք «17»-ի շրջանակում, որից դուրս ենք եկել։ Դա էլ քաղաքական սկզբունքային տարաձայնությունների պատճառով էր, ոչ թե ինչ-որ անձնական խնդիրների։ Այդ սկզբունքային տարաձայնությունները պահպանվում են, ոչինչ չի փոխվել»,- ասաց Սուրենյանցը։ Զրուցեցինք նաև Նարինե Դիլբարյանի հետ, որն ասաց, որ անպայման մասնակցելու է հանրահավաքին։ «Որպես և՛ «Դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ, և՛ «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամ, այո՛, մենք մասնակցելու ենք հանրահավաքին, որովհետև անկախ դրա ընթացքից և մնացյալից՝ այն համարում ենք մի քայլ, որը հնարավորություն կտա ներկա իշխանություններին ցույց տալու, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը և դրա ներքին բաղադրիչն Արցախի վերաբերմամբ չեն համապատասխանում հայկականության շահերին։ Այսինքն՝ իրենք չունեն մանդատ և չեն ստացել հանրության աջակցությունը՝ չճանաչելու Արցախի Հանրապետությունը, ըստ էության ԱՀ-ն թողնելով միայնակ և վարելով մի քաղաքականություն, որտեղ Արցախի Հանրապետություն արտահայտությունը չի օգտագործում ո՛չ վարչապետը և ո՛չ արտաքին գործերի նախարարը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ ենք դնում փակուղու մեջ և ըստ էության հերքում մեր անցած 30 տարվա ազգային-ազատագրական պայքարն ու միացումի տեսլականը։ Հանրահավաքները միշտ էլ հանրային խոսույթը շարժելու գործիք են եղել բոլոր ժամանակներում, և ցանկացած հանրահավաք հնարավորություն է։ Հիմա դժվար է կանխատեսել, թե այս հավաքն ինչ ուղղությամբ կգնա և ինչ արդյունք կունենա, բավականին դժվար է, բայց իմ կարծիքով, այդկերպ դրսևորել անհամաձայնությունն այնպիսի կարևոր խնդրի վերաբերյալ, ինչպիսին Արցախյան հարցի հանգուցալուծումն է, անհրաժեշտություն է և օրակարգային հրատապ խնդիր»,- ասաց Ն. Դիլբարյանը։ Նույն հարցն ուղղեցինք նաև Վազգեն Մանուկյանին, որն ասաց՝ կամ կգնամ, կամ չեմ գնա։ «Դե, վաղը հանրահավաք է, կամ կգնամ, կամ չեմ գնա, ի՞նչ կարևոր բան է, որ հարցնում եք։ Հիմա բոլորին պետք է Հայաստանում զանգեք-հարցնե՞ք»,- ասաց Մանուկյանը։ Խոսեցինք նաև «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: «Վաղը զբաղված եմ, բայց կաշխատեմ հասցնել, ցանկություն ունեմ մասնակցելու։ Թեկուզ մի քիչ ուշացումով, բայց հաստատ կմասնակցեմ։ Պետք է արձանագրեմ, որ երկար դադարից հետո սա խորհրդարանական ընդդիմության, և ոչ միայն վերջինիս, առաջին մեծ քաղաքական նախաձեռնությունն է։ Ընդ որում, կարծում եմ, շատ կարևոր նախաձեռնություն է, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Արցախում իրավիճակը գնալով լարվում է, էսկալացիայի մեղմացման նշաններ չկան, թեպետ կարծես այդ ուղղությամբ քայլեր կատարվում են, բայց ես խիստ կասկածում եմ, որ դրանք կարող են արդյունք տալ։ Ըստ էության մենք բոլորս հայտնվել ենք նոր սպառնալիքների առջև, և այստեղ հանրությունն իրավունք ունի և պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել մեզ համար կարևոր խնդիրների շուրջ։ Իմ կարծիքով, մեծ իմաստով վաղվա հանրահավաքի նախաձեռնության ողջ իմաստը սա է»,- ասաց Հարությունյանը։ «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն էլ հավելեց, որ իրենց կուսակցությունը միշտ մասնակցել է հանրահավաքներին, և սա էլ բացառություն չէ։ «Մենք միշտ էլ մասնակցել ենք բոլոր տիպի հանրահավաքներին, միշտ էլ ակտիվ ենք եղել ամեն ինչում, ինչը վերաբերում է ընդդիմությանը։ Հանրահավաքի անցկացման վերաբերյալ ես դեռ մի քանի օր առաջ երկու կետ նշել եմ և կարծում եմ, որ հանրահավաքը պետք է լուծի երկու խնդիր։ Առաջինն այն է, որ պետք է ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը տեսնեն, որ հայ ժողովուրդը դեմ է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից պարտադրվող կետերին և Արցախն իրենց տարածքում ներառելու փորձերին։ Իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ հրապարակը լինի բազմամարդ, և մենք իրոք կարողանանք ազգովի ոտքի կանգնել և ոչ ասել այդ տարբերակին։ Եվ երկրորդը՝ հրապարակը պետք է կրկին բազմամարդ լինի, որ այդ նույն հանրությունը տեսնի, որ այն մարդը, որն այսօր զբաղեցնում է հանրապետության վարչապետի պաշտոնը, չի կարող բանակցել և հայ ժողովրդի անունից գնալ զիջումների։ Մնացածը կախված է հանրահավաքի բովանդակությունից, առաջ քաշվող օրակարգից և այդ օրակարգին մարդկանց աջակցությունից։ Ամեն ինչ կերևա հանրահավաքի ժամանակ, բայց չեմ կարծում՝ միայն մեկ հանրահավաքով ինչ-որ հարց կլուծվի»,- ասաց Բաբայանը։ Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ ինքը քաղաքից բացակայում է և չի մասնակցի, իսկ կուսակցությունից տեղյակ չէ. «Ես քաղաքից բացակայում եմ, մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարող մասնակցել հավաքին։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցությանը, ես այն երկու ամիս առաջ հանձնել եմ և իրազեկված չեմ այդ կուսակցությունից։ Ինչքանով տեղյակ եմ, որևէ քննարկում չեն արել քաղխորհրդում։ Իսկ իմ՝ կուսակցությունը թողնելն էլ կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը միջամտում էր կուսակցության ներքին գործերին»։ Մանուշակ Մելքոնյան
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/04/36778

նման նյութեր