Site icon politcom

Չպետք է հանդուրժել Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը

Մոսկվան հայտարարում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կազմակերպելու պատրաստակամության մասին։
Այս հարցը քննարկվել է երեկ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուսական կողմը մտադիր է Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի համար։
Ի դեպ, հարկ է նկատել, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցին նախորդել է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը ու տակավին անհայտ է՝ արդյո՞ք երկու ղեկավարների մակարդակով քննարկվել է նախարարների եռակողմ բանակցություններ անցկացնելու հարցը:
Դեկտեմբերի վերջին Հայաստանն արդեն մերժել է Մոսկվայի նույնաբովանդակ նախաձեռնությունը, երբ Լավրովն ու Բայրամովը հանդիպեցին առանց Միրզոյանի:
Հայկական կողմի դեմարշը պայմանավորված էր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ թեև անհասկանալի է, թե ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումն ուրիշ ի՞նչ ձևաչափով էր տեսնում Երևանը:
Երևանի այն փաստարկը, թե Հայաստանը մտադիր չէ բանակցել Լաչինի միջանցքի հարցով, որովհետև 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ խնդիրը հասցեագրված է Բաքվին ու Մոսկվային, մեղմ ասած՝ ուժեղ չէ ու պատահական չէ, որ ուժային բոլոր կենտրոններից հենց Երևանին ու Բաքվին են կոչ անում՝ բանակցություններով հաղթահարել առկա ճգնաժամը:
Արդյո՞ք պաշտոնական Երևանը դարձյալ բացահայտ դեմարշ կանի՝ մերժելով Մոսկվայի հերթական հրավերը: Դա մի կողմից, կարող է ավելի խորացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, որոնք, բառիս բուն իմաստով, փակուղային են դարձել Հայաստան քաղաքացիական դիտորդներ ուղարկելու ԵՄ որոշումից հետո, մյուս կողմից՝ Հայաստանը որևէ երաշխիք չունի, որ արևմտյան միջնորդությունն ավելի արդյունավետ կլինի Հայաստանի համար, եթե անգամ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու մտադրություններ ունի:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ բացառել է, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Ասել է թե՝ ավելորդ պատրանքներ պետք չէ ունենալ արևմտյան գործընկերներից:
Նման իրավիճակում ռուսական միջնորդությամբ բանակցությունները մերժելու մարտավարությունը
կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար, ընդհուպ լեգիտիմացնել Բաքվի ագրեսիվ նկրտումները:
Նիկոլ Փաշինյանին բնորոշ է քաղաքական պատասխանատվությունից խույս տալը, բանակցային ճանապարհով փոխզիջումներից հրաժարվելը՝ գերադասելով նվաստացուցիչ զիջումները պատերազմի դաշտում, մեր զինվորների արյան գնով:
Նիկոլ Փաշինյանի նման արկածախնդրությունն արդեն իսկ նպաստել է 44-օրա պատերազմի սանձազերմանը, հիմա Հայաստանի առաջ կարող է հառնել Ալեքսանդրապոլ-2-ի ուրվականը, եթե մենք բոլորս հանդուրժենք Նիկոլ Փաշինյանի տոտալ անպատասխանատվությունը:
Խելամիտ չի լինի՝ հերթական անգամ բանակցություններից խուսափելը: Երբ ունես օրակարգ, բանակցությունները մերժելն ադեկվատ չէ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version