Site icon politcom

Իշխանության «գանձը». անակնկալ հայտարարություն փոխնախարարի շուրթերից

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։
«Մենք հետախուզական տեղեկություններ ունենիք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի», – նշել է Կոստանյանը։
Այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով:
Նախ, արձանագրենք, որ Կոստանյանը էպատաժային ֆիգուր է, մի քանի օր առաջ բավականին մեծ աղմուկով ստանձնեց իր պաշտոնը ու այդ կարգավիճակում փաստորեն հանդես եկավ աղմկոտ այս հայտարարությամբ:
Հեռու ենք այն մտքից, որ Կոստանյանն այս հայտարարությունն արել է «ինքահաստատման» նպատակով: Եթե նույնիսկ ընդունենք, որ այս փնթի իշխանության պարագայում նման բան միանգամայն հնարավոր է, իշխանությունն ուղղակի չէր տիրաժավորի Կոստանյանի այս հայտարարությունը:
Ըստ այդմ, ավելի արժանահավատ է այն վարկածը, որ իշխանությունը նման հայտարարություն ցանկացել է անել՝ Կոստանյանի մակարդակով, թերևս՝ այն մի կողմից լսելի դարձնելու, մյուս կողմից՝ դրա նշանակությունը նվազեցնելու նպատակով:
Խնդիրն այն չէ, որ Կոստանյանի հնչեցրածն իրականություն չէ կամ դրանում չկա իրականության բաղադրիչ: Համենայն դեպս, մինչև այս պահը պաշտոնական Երևանը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի զսպման գործիք համարել է, մի դեպքում, ԱՄՆ-ին, մյուս դեպքում՝ Ռուսաստանին ու իրանական գործոնի վրա առանձնապես շեշտադրում չի կատարվել:
Ինչո՞ւ հանկարծ պաշտոնական Երևանը որոշեց «արժևորել» իրանական գործոնը, այն էլ հիմա, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է: Արդյո՞ք պաշտոնական Երևանը որոշել է օգտվել Բաքվի ու Թեհրանի հայտարարություններում առաջացած ճգնաժամից, թե՞ արևմտյան «խաղացողներին» անուղղակիորեն հասկացնում է, որ Իրանը Հայաստանի համար չափազանց կարևոր հարևան է ու այդպիսով ակնարկում է, թե չի կարող «օգտագործվել» հակաիրինական կոալիցիայում:
Իսկ գուցե Հայաստանի իշխանությունը փորձում է զսպել Թեհրանի՝ դիվանագիտական խողովակներով հայտնած դժգոհությունը՝ Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման առթիվ ու հասկացնում է, որ դա որևէ առնչություն չունի Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր պլանավորումների հետ:
Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ Ռուսաստանից ու Արևմուտքից հիասթափված իշխանությունը այս պահին Իրանին է համարում «փրկօղակ»՝ հենց նման ուղերձ հասցեագրելով Թեհրանին:
Դժվար է գնահատել Հայաստանի իշխանության որևէ ուղերձ, մանավանդ, որ պաշտոնական Երևանի քայլերը հաճախ այսրոպեական են, հախուռն ու չեն բխում նպատակային օրակարգից:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version