Site icon politcom

Պետության անգործության զոհերը

Հակահրդեհային կանոնների խախտման պատճառաբանությամբ, երեկվանից կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը: «Սա հացի խնդիր է, մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասում են առևտրականները:
Շուրջ 600 տաղավար ունեցող տոնավաճառի աշխատակիցներն ասում են՝ եթե ստուգումները խստացվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո, ապա ինչո՞ւ է այդ շուկան դեռ գործում՝ հնարավորություն ունենալով խախտումներն աշխատանքին զուգահեռ վերացնելու, բայց իրենց առևտրի կենտրոնը միանգամից փակվում է:
Հակահրդեհային կանոնների պահպանումն, անշուշտ, կարևոր է, սակայն համաձայնեք՝ լեգիտիմ է նաև առևտրականների հարցադրումը: Առևտրի կենտրոնների գործունեության նկատմամբ խտրական վերաբերմունքը, մեղմ ասած, չի ուժեղացնում պետական մարմինների գործողությունների լեգիտիմության բաղադրիչը:
Մյուս հանգամանքը կապված է պետության պատասխանատվության հետ:
Տարիներ շարունակ մարդիկ տեղի վարձ են մուծել՝ ակնկալելով, որ սեփականատերը պատշաճ հոգածության տակ է պահելու նաև հակահրդեհային կանոնների պահպանումը: Եթե «Մալաթիա» տոնավաճառի սեփականատերն այդ ուղղությամբ քայլեր չի արել, ապա պատասխանատվությունը ոչ

միայն նրա, այլ նաև վերահսկողություն իրականացնող պատկան մարմինների ուսերին է: Վերջիններս կամ անգործություն են դրսևորել, կամ էլ՝ «աչք են փակել»՝ ունենալով կոռուպցիոն մոտիվներ:
Եվ վերջապես, պետությունը պարտավոր է հոգ տանել ոչ միայն քաղաքացիների անվտանգության, այլ նաև նրանց սոցիալական պաշտպանվածության մասին: Ի՞նչ սոցիալական երաշխիքներ է առաջարկել իշխանությունը պարապուրդի մատնված առևտրականներին:
Ոչ մի ու չի առաջարկելու, քանի դեռ մարդիկ չեն համախմբվել, չեն ստեղծել իրենց արհմիությունը, չեն վարձել պրոֆեսիոնալ փաստաբանների ու այս գործիքների միջոցով չեն հասել պետության պատասխանատվության ինստիտուտի սահմանմանը:
Այդպես են վարվում, օրինակ, Ֆրանսիայի աշխատավորները, որոնք այս օրերին բազմահազարանոց հանրահավաքներ են անում փողոցներում՝ ընդվզելով Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version