Site icon politcom

Ողջամիտ փաստարկները Ֆեյսբուքի «ֆիդայիների» ու նիկոլապաշտ «դուխովների» համար չեն

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հարցազրույցը ալեկոծություն է առաջացրել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում: Մի անառողջ մրցավազք է ծավալվել, թե ով ավելի պերճախոս կհայհոյի, կանվանարկի Լավրովին՝ «ազգային նվիրյալների» աստղաբույլում իր տեղը վաստակելու համար:
Լավորվն, իհարկե, մեծ բացահայտումներ չի արել և, ըստ էության, կրկնել է ձևակերպումներ, որոնք Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների շուրթերից լսել ենք վերջին տարիներին:
Այլ խնդիր է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքը որոշակի մանիպուլյատիվ բաղադրիչ ուներ, մի կողմից՝ փորձելով միայն հայկական կողմի վրա թողնել բանակցային գործընթացի անցած շրջանի տապալման պատասխանատվությունը, մյուս կողմից՝ հնարավորինս նույնացնել Մոսկվայի ու Բաքվի օրակարգերը:
Արդյո՞ք Մոսկվայի այսօրվա վարքագիծն ու հռետորաբանությունը պայմանավորված են միայն Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղվածությամբ, թե՞ նաև վերաբերմունք են Հայաստանի այսօրվա իշխանությանը, այլ խոսքով՝ վերջինիս նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակ ունեն:
Սոցցանցային «ազգային- ազատագրական» պայքարի մակարդակը, բնականաբար, թույլ չի տալիս բանավիճային միջավայրում գտնել այս ու այլ կարևոր

հարցերի պատասխաններ:
Փոխարենը, Լավրովի հարցազրույցը ազդակ է դարձել, որպեսզի դարձյալ սիրողական մակարդակում քննարկվի Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության անհրաժեշտության հարցը:
Արդյո՞ք նման հիմքեր կան:
Որպես հիմնավորում բերվում է այն փաստարկը, որ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից, գործընկեր չէ:
Եթե նույնիսկ ամբողջովին ընդունենք այս վարկածը, ապա դա բավարար հիմք չէ, այսպես ասած, ճամբարափոխության համար:
Եթե այլ երկիր կամ երկրներ Հայաստանին տվել են անվտանգային երաշխիքներ կամ մտադիր են մեր երկրի հետ ռազմական դաշինք կազմել, ես պատրաստ կլինեմ ոչ միայն քննարկել նման հնարավորությունը, այլ գուցե աջակցել դրան: Ի տարբերություն շատերի, ես կաշկանդված չեմ ռուսական գործոնով, այսպես ասած՝ ռուսամետ չեմ ու առաջնորդվում եմ բացառապես ռեալիստական մոտեցումներով:
Հենց վերջին հանգամանքն էլ հուշում է, որ Հայաստանը անվտանգային որևէ երաշխիք չի ստացել արևմտյան որևէ կենտրոնից ու առհասարակ՝ լուրջ չէ, որ նման առաջարկություն կստանանք որևէ երկրից, քանի դեռ ընթացքի մեջ է հայ- ադրբեջանական հակամարտությունը և կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները: Որևէ պետություն չի ցանկանալու այս իրավիճակում լինել Հայաստանի դաշնակիցը՝ այդպիսով դառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հակառակորդը:

Երկրորդ, որևէ երկիր մեզ տվե՞լ է երաշխիք, որ պատրաստ է բավարարել մեր այն հավակնությունները, որոնց չբավարարման հետևանքով հիասթափված ենք Ռուսաստանից:
Իհարկե, նման երաշխիք նույնպես չենք ստացել, ավելին, օրինակ՝ Արցախի հեռանկարի հարցում Արևմուտքի մոտեցումները շատ ավելի մոտ են Բաքվի դիրքորոշումներն:
Եվ վերջապես, ո՞րն է երաշխիքը, որ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության դեպքում, հնարավոր դաշնակիցները մեզ պաշտպանելու են Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունից: Լավագույն դեպքում, Հայաստանին սպառնալու է ուկրաինացման հեռանկարը՝ պետականության կորստի վտանգով:
Բայց այս ողջամիտ փաստարկները Ֆեյսբուքի «ֆիդայիների» ու նիկոլապաշտ «դուխովների» համար չեն:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version