«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ռուսական կողմը կրկին պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում՝ քննարկելու առկա հարցերը։ Ինչո՞վ եք բացատրում ռուսական կողմի նախաձեռնությունը, հայկական կողմից նկատելի՞ է բանակցություններին մասնակցության պատրաստակամություն։

– Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական մոդերատորն է, դա ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, հետևաբար զարմանալի չէ, որ Մոսկվան փորձում է մոդերատորությունը պահել իր ձեռքին, որքան էլ հիմա սահմանափակված են իր հնարավորությունները՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված։

Մոսկվայի ակտիվությունը հենց այս համատեքստում է պետք դիտել, մանավանդ որ, եթե անկեղծ լինենք, ըստ էության, Բաքուն դեմ չէ, որ բանակցեն ռուսական հովանու ներքո։ Հետաքրքիր կլինի իմանալ նաև, թե երեկ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք շոշափվե՞լ է ռուսական միջնորդությամբ բանակցային գործընթացն ակտիվացնելու հարցը, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը․ հայկական կողմը պաշտոնապես որդեգրել է մի դիրքորոշում, որ Լաչինի միջանցքի հարցով ինքը չի բանակցելու, ինչն ինքնին խիստ խոցելի դիրքորոշում է, բայց իրականում մենք տեսնում ենք, որ Լաչինի հարցի վերաբերյալ ինքը բանակցում է, որովհետև տարբեր հեռախոսազրույցները ևս բանակցություններ են, իսկ դրանց ընթացքում, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, առաջին պլանում դարձյալ լինում է Լաչինի հարցը։

Բացի այս, միջազգային բոլոր դերակատարները կոչ են անում հենց Երևանին ու Բաքվին լուծել այս խնդիրը, հետևաբար, եթե Երևանը հերթական անգամ խուսափի բանակցություններից, կարծում եմ՝ լինելու է ամենամեծ սխալներից մեկը: Սխալ էր նաև դեկտեմբերին դեմարշ անելը, որովհետև դա ոչ միայն խնդիրները չի լուծում, այլ նաև լրացուցիչ լարվածություն է ավելացնում տարածաշրջանում, Հայաստանի համար էլ ոչ բարենպաստ իմիջ է ստեղծվում։

Բոլորս, այդ թվում նաև՝ հասարակությունը, պետք է պահանջատեր լինենք այս հարցում, որ պաշտոնական Երևանը վերադառնա բանակցային գործընթաց, որովհետև բանակցությունները մերժելով, միևնույն է, Ադրբեջանի ագրեսիվ այդ օրակարգը չես չեզոքացնում, հակառակը՝ բանակցությունների միջոցով կարելի է կառավարելի դարձնել ռիսկերը։

– Իսկ ինչո՞ւ հայկական կողմը նախաձեռնողականություն հանդես չի բերում տարբեր հարթակներում բանակցությունների վերսկսման հարցում։

– Բանակցությունը նշանակում է քաղաքական պատասխանատվություն՝ քաղաքական պատասխանատվություն հնարավոր փոխզիջումների համար, խաղաղության բարդ գործընթացն առաջ մղելու հարցում, իսկ եթե նկատել եք՝ Հայաստանի գործող իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը հակոտնյա են։

Հայաստանի իշխանությունից երբեք չսպասեք, որ նա քաղաքական պատասխանատվություն կստանձնի որևէ գործընթացի, այդ թվում՝ որևէ փաստաթղթի կամ պայմանագրի ստորագրման համար, եթե պարտադրված չլինի դա անել։ Իսկ պարտադրված են լինում միայն այն պարագայում, երբ խոսքը, ըստ էության, միակողմանի զիջումների մասին է։

Օրինակ՝ տեսեք, 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանին նրա բազմաթիվ միջազգային գործընկերներ, նաև Հայաստանի ներսից զգուշացրել էին, որ փոխզիջումների այլընտրանքը լինելու է պատերազմը։ Բայց մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունը քաղաքական պատասխանատվություն չստանձնեց, չգնաց կարգավորման, նպաստեց պատերազմի սանձազերծմանը, փաստաթուղթ ստորագրեց միայն իմ ասած հանգամանքների ճնշման տակ՝ նոյեմբերի 9-ին, երբ խոսքը միակողմանի զիջումներին էր վերաբերում։

Իշխանությունը դարձյալ որդեգրել է գրեթե նույն մարտավարությունը․ խուսափում է քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց, նախաձեռնող չէ բանակցային գործընթացում, խաղում է ժամանակ ձգելու վրա, հույսը դրել է միջազգային գործիքների վրա, որոնք շատ կարևոր են, բայց միանշանակորեն չեն կարող երաշխավորել խաղաղությունը: Օրինակ՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կարևոր է, բայց չպետք է դրա վրա հույս դնելով Հայաստանը ձգձգի բանակցությունները կամ չավելացնի իր պաշտպանական կարողությունները, կամ դա համարի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու նշան։

Հայաստանի իշխանությունը, հույսը դնելով միջազգային գործիքների վրա, ժամանակ ձգձգելու մարտավարություն է կիրառում, որը կարող է բերել նոր էսկալացիայի ու Հայաստանի կողմից ավելի մեծ զիջումների, բայց Փաշինյանի մարտավարությունն է այդպիսին, նա գերադասում է ոչ թե փոխզիջել թղթով, այլ զիջել պատերազմի միջոցով ու զինվորների կյանքերի գնով։

– Պարո՛ն Սուրենյանց, առաքելության մասով Ռուսաստանը նաև նշել է, որ ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է «հենց վաղն էլ գալ Հայաստան, եթե հայկական կողմը դա ցանկանա»։ Ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում ՀԱՊԿ առաքելությունից։

– Պետք է մի բան լավ հասկանալ, որ այս պահին Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից դատապարտող հայտարարություն պահանջել Ադրբեջանի քայլերի նկատմամբ, հիմնազուրկ իլյուզիա է, որովհետև նման հայտարարություն չի հնչելու, քանի որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի հետևանքով ավելի շատ է զգում Բաքվի ու Անկարայի կարիքը, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մասին էլ ընդհանրապես չեմ ուզում խոսել։

Օբյեկտիվորեն՝ մենք իրավունք ունենք Ռուսաստանից դժգոհելու, իսկապես կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել Ռուսաստանի առաջ, անշուշտ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից ու միջնորդ չէ, բայց այդ դժգոհությունները, ընդհանրապես, արտահայտում են ոչ թե հոխորտանքի ձևով, այլ՝ դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանից դժգոհությունը, չեմ կարծում՝ հիմք է, որ մենք փոխենք մեր արտաքին քաղաքականության վեկտորը, ու այստեղ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ես ինչ-որ կողմի սիրում եմ, մյուսին՝ ոչ։

Այսօր Հայաստանը չի կարող վերանայել իր արտաքին քաղաքականության վեկտորը առարկայական մի քանի պատճառներով․ չունենք Արևմուտքից համարժեք առաջարկներ, ակնհայտ է, որ մեր այն հավակնությունները, որոնք չեն բավարարվել Ռուսաստանի կողմից, չեն բավարարվի նաև Արևմուտքի կողմից: Երկրորդ՝ մենք տեսանք, որ անզեն դիտորդական առաքելության վերաբերյալ ինչպիսի զգայուն արձագանք տվեց Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Երբ դու արտաքին քաղաքական կողմնորոշում չես փոխում, ու կարծես թե իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ նման հարց օրակարգում չկա, ապա այս պարագայում անտեղի է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից հրաժարվելը, դա ևս նպաստելու է սահմանների անվտանգությանը, ի՞նչն է խնդիրը, որ հրաժարվում են դրանից։

– Գուցե ձեր նշած դեմագոգիա՞ն է։

– Երկու տարբերակ կա․ կա՛մ դեմագոգիկ-պոպուլիստական ոճը․ մեր հասարակության մոտ հակառուսական հիստերիա գեներացնել, բայց վազել Մոսկվա ու քծնել Պուտինին, կա՛մ, որը չեմ բացառում, գուցե մեր իշխանությունը իսկապես արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ճանապարհին է, մանավանդ տեսնում ենք, թե ինչպիսի տոտալ հակառուսական քարոզչություն են իրականացնում իշխանության վերահսկողության տակ գտնվող քաղաքական ուժերն ու քարոզչամեքենան։

– Այս համատեքստում, ձեր գնահատմամբ, ի՞նչ փուլում են հայ-ռուսական հարաբերությունները։

– Մեր երրորդ հանրապետության 32 տարվա ընթացքում այդ հարաբերությունները երբեք այսքան ճգնաժամային չեն եղել, երբեք։ Ես չեմ հիշում, որ ճգնաժամն այն մակարդակի հասած լինի, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նման խիստ ձևակերպումներով հայտարարություններ անի, կամ պաշտոնական Երևանը ուղղակի կամ անուղղակի մեսիջներով հասկացնի արտաքին քաղաքական կուրսը փոխելու հնարավորության մասին, բայց այս ճգնաժամը խորացնելը վտանգավոր է, որովհետև նախ՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի նոր դաշնակիցների ձեռքբերմանը, ոչ թե դաշնակիցներ կորցնելուն։ Խնդիրները Ռուսաստանի հետ պետք է քննարկել, այլ ոչ թե դեմարշի քաղաքականություն վարել։

Երկրորդը՝ եթե Ռուսաստանն այս պահին չի կարողանում օգնել Հայաստանին, դա չի նշանակում, որ չի կարող նաև չվնասել, այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս անհեռատես քաղաքականությունը, մենք կարող ենք հարվածներ ստանալ Ռուսաստանից, ընդ որում՝ բազմաթիվ ձևերով, այդ թվում՝ մեր հակառակորդի ձեռքով։

Հետևաբար, հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, Հայաստանը մաքսիմում պետք է ձգտի արտաքին քաղաքական հնարավորությունների մեծացմանը ու այդ բազմաշերտ գործունեության տարբեր էպիզոդները չպետք է հակադրվեն իրար։ Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների հաշվին չպետք է կառուցել նոր հարաբերություններ, իսկ նոր հարաբերություններ կառուցելը չպետք է կաշկանդված լինի հայ-ռուսական հարաբերություններով։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր