Ո՞ւմ դեմ էր ուղղված Արսենյանի սադրանքը

«Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»,- մի քանի օր առաջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Հարկ չկա՝ հատուկ բացատրելու, թե ինչ նկատի ունի պատգամավորը. նա, ըստ էության, առաջարկում է «փուռը տալ» Արցախը՝ Հայաստանը փրկելու համար:
Բարոյական հարթության վրա սա եղբայրասպանության կոչ է: Այս գնահատականի հարցում միանգամայն համաձայն եմ իմ բարեկամ, լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հետ:
Բայց ես ուզում եմ ռեալիզմի դիրքերից բացառապես քաղաքական հարթության վրա քննել Արսենյանի վարքագիծն ու հայտարարությունը:
Դրանք հակասում են ՔՊ 2021թ-ի նախընտրական ու Նիկոլը Փաշինյանի կառավարության գործունեության ծրագրերին, որոնցով խոստացվում է հասնել ԼՂ անկախությանը՝ Կոսովոյի նախադեպով կամ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի գործադրմամբ:
Այսպիսով, տրամաբանական կլիներ, որ ՔՊ-ն պատժեր իր «կարգազանց» պատգամավորին՝ նրանից պահանջելով վայր դնել պատգամավորական մանդատը:
Բայց ՔՊ-ն նման բան չի արել ու չի անելու, որովհետև բոլորս գիտենք՝ Արսենյանի շուրթերով խոսել է Փաշինյանը:

Այս պարագայում՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դրժում է նախընտրական խոստումը ու պետք է գնա արտահերթ ընտրությունների՝ կամ նոր ծրագրով կառավարություն ձևավորելու կամ ընդդիմություն դառնալու հեռանկարով:
Արդյո՞ք Արսենյանը գիտակցել է նման հետևանքը՝ սկանդալային հայտարարությունը հնչեցնելու պահին:
Այս հարցի պատասխանը ստանալուց հետո, պարզ կլինի ում դեմ էր ուղղված Փաշինյանի սադրանքը՝ Արցախի՞, թե՞ Փաշինյանի…

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր