ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

ԼՂ կարգավորման փուլային տարբերակի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները, տարբեր տրամաչափի վերլուծաբանները եւ քաղտեխնոլոգները մի «երկաթյա առարկություն» են բերում․ «Իսկ Ադրբեջանը համաձա՞յն էր»։ Նրանք «մոռանում են» երկու էական հանգամանք․ այդ փաստաթուղթը նախապես բանակցվել է կողմերի ներկայացուցիչների (Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի) միջեւ։ Երկրորդ, կարգավորման հայեցակարգը, ըստ որի կողմերը նախ քաղաքական համաձայնության են հասնում հակամարտության զինված փուլին վերջ դնելու հարցում, ապա անցնում ԼՂ կարգավիճակի բանակցություններին, սահմանված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի՝ հատուկ ԼՂ խնդրին վերաբերող որոշմամբ։ Այսինքն, եթե Ադրբեջանը մերժեր, իսկ նման պաշտոնական հայտարարություն Բաքուն չի արել, ապա հակադրվում էր ԵԱՀԿ անդամ բոլոր պետություններին։ Այդ դեպքում քաղաքական մեկուսացման մեջ կհայտնվեր Ադրբեջանը, միջազգային ճնշման ուղղությունը Երեւանից կտեղափոխվեր Բաքվի վրա, իսկ դա մեծապես կազդեր արտաքին քաղաքականությանը։ Ի վերջո, փուլային տարբերակի ձախողումը հնարավորություն է տվել, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանա որպես «օկուպացիայի զոհ» և Հայաստանին մեղադրի «տարածքային նվաճումները օրինականացնելու պետական նպատակադրվածության» մեջ։ Դա որոշակիորեն լեգիտիմացրել է «սեփական տարածքներն ուժով վերագրավելու իրավունքը» և ավելի քան երկու տասնամյակ Բաքուն հենց այդ թեզի վրա է կառուցել իր ռազմա-քաղաքական դոկտրինը։ Սա է մերժման գինը, որ վճարել է Հայաստանը, հայ ժողովուրդը։ Իսկ մտավարժանքների միշտ էլ կարելի է տրվել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր