Հայաստանի համար խնդիրը գործնականում շատ ավելի լայն է

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ: Դա կարեւոր է:
Հասկանալի է, որ լինելու է հայտնի տրամաբանությամբ եւ շեշտադրումներով քննադատության ալիք: Դա էլ անխուսափելի է:
Հայաստանի համար խնդիրը գործնականում շատ ավելի լայն է: Ինչպես նշել էի նախօրեի անդրադարձումս, այստեղ հարցը լոկ պետական կարեկցանքի դիվանագիտական մանեւրը չէ: Ի վերջո, կարծում եմ Հայաստանը որպես պետություն իրեն այդպես կպահեր կամ պետք է պահեր անգամ Մեքսիկայում կամ Ինդոնեզիայում որեւէ բնական աղետի հանդեպ:
Այս պարագայում Հայաստանն ունի երկու առանցքային այլ խնդիր՝ ռեգիոնալ առումով: Մեկն այն, որ ռեգիոնի երկու առանցքային պետություններում բնական աղետի հետեւանքով ստեղծված վիճակը կարող է առաջացնել անվտանգության «վակուումների» ռիսկեր: «Վակուումներ», որոնց հետեւանքը կարող է դրսեւորվել ոչ «օպերատիվ ժամանակահատվածում», բայց «խմորվել» այս ընթացքում:
Հետեւաբար, Թուրքիայի հետ բարձր մակարդակի կոնտակտի հանգամանքը կարեւոր եմ համարում այդ տեսանկյունից, հաշվի առնելով առաջին հերթին եւ թերեւս ավելի շատ ազդեցությունը Ադրբեջանի վրա, ինչպես նաեւ Ադրբեջանի «միջոցով» Իրանի վրա ազդելու մարտահրավերները, որոնք Հայյաստանի համար եւս ռիսկ են:
Մյուս հանգամանքը, Հայաստանի աշխարհագրական սահմանից դուրս, ըստ էության քաղաքակրթական սահմանն է: Այսինքն այն, որ մենք լինելով Կովկասի պետություն, իբրեւ ժողովուրդ այդուհանդերձ տարածվում ենք մերձավորարեւելյան սահմանով: Եվ դա լոկ Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության հետեւանք չէ: Հայերը մերձավորարեւելյան ռեգիոնում ունեն շատ ավելի հին ներկայություն: Դա գործոն է, որ դիտարկում են խոշոր խաղացողները՝ բնականաբար յուրաքանչյուրը իր հայեցողության եւ ռազմավարության շրջանակում: Բայց, այդ հանգամանքը նաեւ որոշակի վարքագիծ է պահանջում նաեւ հայկական պետությունից՝ Հայաստանի հանրապետությունից:
Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը դիտարկում եմ նաեւ այդ համատեքստում: Այդ ամենում բոլորովին պետք չէ տեսնել այսպես ասած սնապարծ երանգներ: Ի վերջո, մենք մեր համեստ հնարավորությունների հարցում չունենք թե ինքներս մեզ, թե առավել եւս այլոց խաբելու հնարավորություն եւ չպետք է ունենանք այդպիսի անմտություն: Միաժամանակ, չունենալով մեծամտության շրջանակ, մենք այդուհանդերձ պետք է կարողանանք ներկայանալ մեր թե պետական քաղաքականության, թե արժեմշակութային եւ դավանաքաղաքական ռեսուրսի գիտակցումով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր