Site icon politcom

Ցանկացած աշխատանք պետք է կառուցվի պատասխանատու ընկալումների, ոչ թե կենացների, ծափերի, կամ անեծքների վրա

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառումը

ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ կերպ չի երաշխավորում ստատուս-քվո, Երեւանում ասում է Խորվաթիայի նախագահը:
Երբ որեւէ մեկը Հայաստանից խոսի այս մասին, նվազագույնը կկարգվի «գործակալ» կամ «ռսասատրուկ», որովհետեւ ցանկացած թեմայի ընկալում հասցված է կամ անգետ զգայականության, կամ հավակնոտ նենգափոխումների աստիճանի:
Գործնականում սակայն, սա պարզ իրողություն է, որն արձանագրելը բոլորովին չի նշանակում լինել ԵՄ դիտորդական առաքելության դեմ, լինել Հայաստան-ԵՄ աշխատանքին դեմ: Սա պարզապես նշանակում է դեմ լինել պատրանքներին եւ աշխատելով որեւէ մեկի հետ, այդ աշխատանքի հիմքում դնել փոխադարձ ռացիոնալ ընկալումների եւ պատասխանատվության խնդիրը:
Դիտորդական առաքելության մասին որոշման ընդունման առաջին արձագանքներում եմ բերել Մինսկի խմբի համանախագահության օրինակը: Միջուկային երեք գերտերոության ձեւաչափն անգամ չերաշխավորեց կայունություն եւ չարգելակեց 2013- թվականներից սողացող եւ աստիճանաբար ամբողջ հասակով կանգնող պատերազմը, ուր մնաց ԵՄ քաղաքացիական դիտորդները կանխեն որեւէ սադրանք:
Եվ հենց այդ համատեքստում եմ խոսել նաեւ այն մասին, որ առանցքային հարցը հետեւյալն է՝ ԵՄ ինչպե՞ս է վերաբերում Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ դրա նկատմամբ Բաքվի հավակնություններին, ու դրանք տեղի ունենալու դեպքում, լինելու է միայն սադրանքի դատապարտում եւ բանակցությամբ հարցերը լուծելու ավանդական կո՞չ, թե՞ ագրեսիայի համար պատժամիջոցի կիրառում:
Եվ դրա համար եմ նաեւ նշում, որ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի խնդիրն է ոչ թե գոհություն հայտնել, որ դատապարտվել է Հայաստանի սահմանի հանդեպ Ադրբեջանի ռազմական գործողությունը, այլ դնել այդ գործողության համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու հարց:
Ի վերջո, կա մեծ տարբերություն՝ համարում ես, որ Բաքուն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարա՞ծք, թե՞ համարում ես, որ պարզապես ռազմական ագրեսիա է իրականացրել ու դատապարտելով դա անում ես բանակցության կոչ: Սրանք սկզբունքային տարբեր բաներ են եւ առ այսօր ԵՄ մոտեցումը տեղավորվում է երկրորդ տարբերակի մեջ:
Կրկնեմ, սրա մասին խոսելը չի նշանակում չխոսողներից պակաս գնահատել Եվրամիությունն ու ԵՄ հետ, նաեւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ Հայաստանի աշխատանքի կարեւորությունը: Բայց ցանկացած աշխատանք պետք է կառուցվի պատասխանատու ընկալումների, ոչ թե կենացների, ծափերի, կամ անեծքների վրա՝ որոնք սովորաբար հաջորդում են կենացներին ու ծափերին, երբ հանկարծ պարզվում է, որ չգիտես ինչու եւ ինչպես որեւէ մեկի հանդեպ ձեւավորվել էին չափազանցված սպասելիքներ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version