Փաշինյանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի հետքերով

Ազգային ժողովի նախօրեի ելույթից հետո, Նիկոլ Փաշինյանը երեկ էլ կառավարության նիստին անկախ ու ինքնավար երկու կառույցների՝ Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարներին ու մի ՀԿ-ի ներկայացուցչի էր հրավիրել, ինչպես հայտարարեց՝ հասկանալու համար կոռուպցիայի ընկալման սանդղակում անցած տարվա 3 կետի հետընթացի պատճառները։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչքանով էր նպատակահարմար ինքնավար երկու կառույցների ղեկավարների ներկայությունը կառավարության նիստին: Դարձյալ տպավորություն ստեղծվեց, որ Փաշինյանը նրանց հրահանգներ է տալիս՝ դրա իրավասությունը չունենալով:
Ավելի էական է, այսպես կոչված, քննարկումների բովանդակային բաղադրիչը:
Կոռուպցիայի ընկալման սանդղակում հետընթացի առթիվ խիստ «անհանգստացած» Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ ոչ մի առանցքային հարցի՝ պետական խնդրահարույց գնումներին, վիճելի նշանակումներին, կառավարության գործունեության թափանցիկության խնդրին:
Փաշինյանը չի գիտակցել, որ եթե քրեաօլիգարխիկ համակարգի մարմնավորում հանդիսացող Մնացական Մարտիրոսյանը դատական համակարգում բարձր պաշտոն է ստանում, ապա կոռուպցիայի դեմ պայքարի մասին «հեղափոխական» պնդումները դառնում են ծիծաղելի:
Կամ ինչպե՞ս կարող է անձնակենտրոն համակարգը՝ ինչպիսին է Փաշինյանի իշխանությունը, լինել ժողովրդավարության ու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշ:
Երբ Նիկոլ Փաշինյանը հարմար «հագել» է Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումը», ավելին՝ հանդուրժում է իր շրջապատի մարդկանց երկրաչափական պրոգրեսիայով հարստացումը, ապա նրա ականջները պետք է սովորեն կոռումպացվածության մասին բոլոր այն արտահայտություններին, որոնք օբյեկտիվորեն հնչում էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր