Ի՞նչ է կատարվում Արցախում. Հարությունյանի «անակնկալը»

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:
Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը պարզաբանել է նախագահի նախաձեռնությունը:
«Նախագահն առաջարկում է, որ ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը հնարավորություն ունենա երկրի նախագահ ընտրել, այսինքն՝ եթե ինչպես գործող Սահմանադրությունում է սահմանված, համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովին վերապահել ժամանակավոր՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը ընտրել պետության գլուխ», – ասել է նա:
Հարությունյանի անակնկալ նախաձեռնությունը հետևում է նրա մոսկովյան այցին, ուսի առաջին տպավորությունն այն է, որ Արցախի գործող նախագահը մտադիր է հրաժարական տալ՝ տեղը զիջելով Ռուբեն Վարդանյանին:
Մյուս կողմից, այլ աղբյուրներ պնդում են, որ հենց Վարդանյանն է մոտ օրերս հեռանալու պետնախարարի պաշտոնից:
Եթե երկրորդ վարկածն է ճիշտ, ապա Արցախում տեղի է ունենալու «փաթեթային» իշխանափոխություն ու այդ պարագայում, երբ միասին հեռանալու են Հարությունյանն ու Վարդանյանը, հասկանալի չէ, թե ում է պատկանելու նոր իշխանության «վերահսկիչ փաթեթը», մանավանդ, եթե Հարությունյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունն ընդունվի, որոշում կայացնեղը ոչ թե ժողովուրդը, այլ Արցախի խորհրդարանն է լինելու: Մեղմ ասած, քաղաքական դիմագիծ չունեցող խորհրդարանը:
Կարճ ասած, Արցախում ներքաղաքական ճգնաժամ է, որը մտահոգիչ չէր լինի, եթե մրցակից բևեռները հանդես գային Բաքվի հետ դիալոգի իրենց տեսլականներով: Հակառակ պարագայում ամեն ինչ նմանվում է լաբիրինթոսում ինքնանպատակ պտույտի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր