Ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից

Հայաստանի իշխանության «հետևողականությունն» ապշեցուցիչ է: Դեկտեմբերին պաշտոնական Երևանը մոսկովյան հանդիպմանը չմասնակցեց «Լաչինի միջանցքի փակ լինելու» պատճառաբանությամբ, հիմա հայտարարոմ է, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։
«Ռուսական կողմը նախապատրաստում է նման հանդիպում, ռուսական կողմն է այդ մասին հայտնել, իսկ Հայաստանը կմասնակցի, թե ոչ, տվյալ պահի իրավիճակից է կախված», – ասել է խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ ի պատասխան հարցին, թե կա արդյո՞ք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորություն մոտ ժամանակահատվածում։
Հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքը փակ լինելը չի՞ խոչընդոտի այդ հանդիպմանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասել է, որ «նման նախապայման չունի հայկական կողմը»։
Դեկտեմբերին ծրագրված եռակողմ հանդիպումը, մինչդեռ, հայկական կողմը չեղարկել էր հենց Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ։
Ահա, այսպես՝ նորընտիր մի պաշտոնյայի շուրթերով, Փաշինյանի թիմը փաստացի խոստովանում է, որ Լաչինի միջանցքն ընդամենը պատրվակ է եղել ու դեկտեմբերին բանակցություններին չմասնակցելու, թերևս, այլ պատրվակ է եղել: Հակառակ պարագայում՝ Խանդանյանը չէր պնդի, որ «նման նախապայման չունի հայկական կողմը» ու սա այն դեպքում, երբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ:
Սակայն այս պարագայում էլ՝ մեկ այլ հարց է բաց մնում:
Եթե Լաչինի միջանցքի հարցը նախապայման չէ, ապա ի՞նչ «իրավիճակից է կախված» հայկական կողմի՝ մոսկովյան առաջիկա հնարավոր հանդիպմանը մասնակցել- չմասնակցելու հարցը:
Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմի որևէ այլ անդամ բացատրել, թե ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում բանակցություններից:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր