Մյունխենի ինտրիգը. տեղի կունենա՞ Փաշինյան- Ալիև հանդիպում

Տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ երեկվանից հավաքվում են Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ գումարվել է Անվտանգության ավանդական համաժողովը:
Մասնակիցների թվում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և միանգամայն հավանական է, որ երկու երկրների ղեկավարները կհանդիպեն Մյունխենում:
Նախորդ անգամ Բավարիայի մայրաքաղաքում Փաշինյան – Ալիև հանդիպումն ու ղարաբաղյան թեմայով սուր բանավեճը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 15-ին՝ սեպտեմբեր 27-ին սկսված արյունալի պատերազմից ամիսներ առաջ:
Չնայած բանակցային դադարին՝ կողմերն ակտիվ փոխանակվում են առաջարկություններով, որոնք պետք է ամբողջացնեն խաղաղության հնարավոր պայմանագիրը:
Հայաստանը փետրվարի 15-ին ավարտել է աշխատանքներն ու ադրբեջանական կողմին փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 16-ի նիստում:
«Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»,-ասել է Փաշինյանը:
Իհարկե, Փաշինյանի այս հայտարարությունը չի երաշխավորում այն հեռանկարը, որ առաջիկայում հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում:
Մի կողմից, ԼՂ հարցում անհաղթահարելի հակասություններ կան Երևանի ու Բաքվի միջև, մյուս կողմից՝ տարածաշրջանում նոր թափ է հավաքել աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունը, ինչն, անշուշտ, գործնականում հնարավոր չի դարձնում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր