Site icon politcom

Հարաճուն ռազմական բախման սցենարը ամենավտանգավորն է

Պատմաբան Նժդեհ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ռուսաստանի նախագահն այսօր բավականին վտանգավոր հայտարարություն է արել` ժամանակավորապես կասեցնելով ՌԴ մասնակցությունը New Start Treaty-ին։ Այս քայլի վտանգավորության գիտակցման ցուցիչ է նախ այն, որ ՌԴ նախագահը հատուկ ընդգծեց կասեցման, այլ ոչ թե դադարեցման փաստը։ Իրավիճակի վտանգավորության հաջորդ ցուցիչը անմիջապես րոպեներ անց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արձագանքն էր` ակնհայտ շփոթմունքով և պնդմամբ, որ այս քայլով ապամոնտաժվում է սպառազինությունների վերահսկման անվտանգային գլոբալ ճարտարապետությունը։
Պարզ է, իհարկե, որ գերտերությունների աշխարհաքաղաքական պլանները նրանց չեն կաշկանդում կնքված ինչ-ինչ պայմանագրերով, և այս համաձայնությունից Ռուսաստանի նահանջը ինչ-որ հեղափոխական իրադարձություն չէ։ Սակայն այս համաձայնությունն առնվազն միջուկային դաշտում խաղի կանոն էր սահմանում, որի շուրջ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխադարձ ըմբռնողականության էին հասել։
Հիմա անգամ այս դաշտում են խաղի կանոնները սկսում համապատասխանեցվել աշխարհաքաղաքական տախտակին տիրող քաոսի (անարխիայի) տրամաբանությանը։ Քանի դեռ քաոսը կառավարելի է, խոշոր բևեռների համար հակամարտությունը մրցակցային լոգիկայից դուրս չի գալիս։ Բայց անկառավարելի քաոսում արդեն ամեն ինչ կարող է պատահել։ Ակնհայտորեն, արևմուտքն ու Ռուսաստանը փոխադարձաբար լռելյայն եկել են ըմբռնման` ով ինչքան կարող է բարձրացնել խաղադրույքները։ Թե դա ուր կհասցնի, երևի անգամ իրենք չգիտեն։
Արևմուտքը ձգտելու է ամեն գնով (այդ թվում` Ուկրաինան ավերակների վերածելով կամ, լավագույն դեպքում, կորեական բաժանման տարբերակով) հյուծել Ռուսաստանին` մաշեցնելով վերջինիս ռազմական պոտենցիալը ու թողնելով թերևս միայն միջուկային արսենալը։ Ռուսաստանն իր հերթին գնալու է մինչև վերջ` ընդհուպ մինչև մարտավարական միջուկային զենքի օգտագործմանը։ Դա էլ պայմանավորված, մի կողմից, ցարական սիստեմի ներքին տրամաբանությամբ (Պավել 1-ինի օրինակը որպես նախադեպ), մյուս կողմից` կայսրության պրեստիժով։ Եթե արևմուտքը Ռուսաստանի ռազմավարական տապալմամբ է տեսնում յուր շահերի սպասարկումը, ապա Ռուսաստանի համար այդ ռազմավարական տապալումը հենց իր վերջն է։ ՌԴ նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե՞ ում է պետք աշխարհը, եթե այնտեղ չկա Ռուսաստանը։
Այսպիսով, արևմուտք-Ռուսաստան կոնֆրոնտացիան մտնում է խիստ վտանգավոր փուլ, որտեղ 2 կողմն էլ դեռ կտրում են այնքան, ինչքան զենքը թույլ է տալիս։ Թերևս լավագույն սցենարը կարող է լինել այն, որ ուկրաինական ճակատում իրավիճակը խոշոր փոփոխություններ չկրի առաջիկա ամիսներին, արևմուտքը զինի Ուկրաինային 1990-ականների ռազմական տեխնոլոգիայով, որը լիովին բավարար կլինի Ռուսաստանին ուկրաինական «ճահճում» «խեղդելու» համար, և վիճակը այդ «ստատուս-քվոյով» հասնի մինչև ԱՄՆ նախագահական ընտրափուլին։ Մյուս` հարաճուն ռազմական բախման սցենարը ամենավտանգավորն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version