Սահմանվում է միջազգային հանրության պարտավորությունը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հաագայի դատարանն իր որոշումով ըստ էության սահմանում է ոչ միայն Բաքվի, այլ գործնականում միջազգային հանրության պարտավորությունը, առերեսում այդ հանրությանն իր իսկ դավանած արժեքներին:
Ընդ որում, խորհրդանշական է, որ դատարանի որոշումը հաջորդում է ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Վարշավայում ունեցած ելույթին, որտեղ նա հենց խոսում էր արժեքների մասին: Իհարկե, խոսում էր ուկրաինական պատերազմի համատեքստում, բայց հենց այստեղ է առերեսումը: Եթե այդ խոսակցությունը երեսպաշտություն չէ, ապա Հաագայի դատարանի որոշում ըստ էության փաստարկ է միջանցքը բացելու հարցում Բաքվին ուղղված հորդորներից հետո Բաքվի պատասխանատվության հարցը դնելու համար:
Սա իհարկե միջազգային քաղաքականության մեջ արժեքային բաղադրիչի անխտիր գերակայության մասին ամենեւին միամիտ շարադրանք չէ, բայց կարծում եմ դատարանի որոշումից հետո հենց այս շեշտադրումները պետք է լինեն միջազգային հանրության հետ մեր երկխոսության հիմքում, եթե Բաքուն շարունակում է արգելափակել լիարժեք երկկողմ տեղաշարժը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր