Site icon politcom

Փաշինյանի վտանգավոր տողատակը

«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն Վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն, դու արի էս պաշտոնից դուրս արի»:
Ոչ ավել, ոչ պակաս. ՔՊ «ինտելեկտուալ» պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսպես էր մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության անհրաժեշտությունը:
Ռուբեն Վարդանյանը երեկ ազատվեց պետնախարարի պաշտոնից։ Ըստ ՔՊ-ական պատգամավորի «ինքնատիպ» տրամաբանության` Ադրբեջանն այլեւս մեզանից միջանցք չի ուզելու:
Իհարկե, շատերը կասեն՝ անգրագետ «մաուզերիստ» է՝ խոսել է, նոր մտածել: Բայց ես կարծում եմ՝ էպատաժային այս պատգամավորի բոլոր տեքստերը թելադրվում են Նիկոլ Փաշինյանի ու նրա աշխատակազմի կողմից, որոնց նպատակը՝ համապատասխան հանրային ֆոն ստեղծելն է:
Իշխանության պրոպագանդան արդեն մի քանի շաբաթ է՝ տարածում է «Արցախը տանք, որ Սյունիքը փրկենք» վտանգավոր նարատիվը: Հենց այս տրամաբանության մեջ է Գագիկ Մելքոնյանի խոսքը:
Իհարկե, Ռուբենը ոչ փրկիչ է, ոչ էլ՝ միսիոներ, ուղղակի նրա անձն այս պահին հարմար թիրախ է՝ Արցախը «փուռը տալու» իշխանության նարատիվի համար:
Դրա վերջին ակորդը հնչեցնելու է Փաշինյանը, իհարկե՝ Սյունիքը «փրկելու» նպատակով:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version