Գործուն զղջում՝ «Լևոնը ճիշտ էր» թեմայով

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Առավոտի» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե 1990-ականներին ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժեցիք, ասել է. «Տեր-Պետրոսյանի առաջարկը չեմ մերժել։ Ընդհակառակը՝ 1997թ. անձամբ ես եմ հանդիպել, փոխանցել ամբողջ փաթեթը քարտեզով, թե մենք ինչպես ենք պատկերացնում՝ ինչ տարածքներ պիտի մնան և ինչ պիտի տանք։ Մենք խոսում էինք, որ Լաչինն ու Քելբաջարը պետք է ընդգրկված լինեն էդ փաստաթղթի մեջ, և մենք պետք է 12.700-ից 8000 պատմական տարածք պահենք՝ հաշվի առնելով այդ տարածքների ռազմավարական կարևորությունը»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Բաբայանը ստում է: Նա մեկն է եղել այն գործիչներից, ովքեր գռեհիկ ձևով շահարկելով ԼՂ խնդիրը՝ Հայաստանում իրականացրել են պետական հեղաշրջում, ինչի հետևանքով ոչ միայն չեն բերել իրենց խոստացած «հաղթողական» լուծումը, այլ նաև Արցախը զրկել են բանակցային սուբեկտությունից:
Բաբայանը նաև դետալային դրվագում է կեղծում:
Հայաստանի իշխանությունը պատրաստ է եղել ընդունել անգամ պաշտոնական Ստեփանակերտի «վերապահումը» ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը գրեթե համոզել է այդ հարցում՝ մինչև, որ բոլորը համոզվել են, որ Ստեփանակերտը, Հայաստանի իշխանության ղարաբաղյան թևն ընդամենը ժամանակ են շահում՝ փուլային տարբերակը մերժելու, այդ հիմքով՝ Երևանում իշխանափոխություն հասնելու համար:
Բայց ինչո՞ւ են Բաբայանն ու մյուսները կիսատ զղջում՝ վախենալով խոստովանել, որ 1998-ին իրենք մեծագույն հանցանք են գործել Հայաստանի ու Արցախի դեմ:
Գուցե գա «պատմական» այն օրը, երբ Քոչարյանը, Սարգսյանը ևս խոստովանեն, որ իրենք սխալ էին, Լևոնը՝ ճիշտ, բայց այդ փաստը որևէ կերպ չի մեղմելու նրանց պատասխանատվության չափը:
1998-ին Հայաստանում տեղի է ունեցել արժանապատիվ խաղաղության վիժեցման դավադիր ակտ, որի ճանապարհ է բացել մեծ աղետի համար:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր