Site icon politcom

Մեր չհիմնավորված ցանկությունները ու ռեալպոլիտիկը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է դատարանում Հայաստանի հայցը ներկայացրած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ օրերս հայտարարել էր, որ որոշումը ենթակա է հարկադիր կատարման։
Հարցին, թե այդ դեպքում ինչու է Լաչինի միջանցքը շարունակում փակ մնալ, Կիրակոսյանն պատասխանել է, թե միջազգային իրավունքում հարկադրանքի հստակ մեխանիզմներ չկան. «Չունենք նման ինստիտուտ, որը զբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Գիտեք նաև, էն մարմինը, որը որ որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, դա Անվտանգության խորհուրդն է, օրինակ, որը էն մարմինն է, որը երբ որ խնդիր առաջանա, կամ երբ որ պրոբլեմային դառնա հարցը, պետք է, կամ իրավասու կլինի միջամտելու գործընթացին։ Եվ ինքներս էլ հասկանում ենք, որ Անվտանգության խորհրդի միջամտությունը այսօր բարդ է… շատ պարզ ասած՝ բարդ է։ Որովհետև կան մշտական անդամներ, որովհետև մշտական անդամները աշխատում են իրենց տրամաբանությամբ։ Ստեղ քաղաքականացվածությունը հարցի, կարծում եմ, շատ բարձր է»։

Եղիշե Կիրակոսյանը պրոֆեսիոնալ է ու մեծապես հենց նրա թիմի մասնագիտական ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ Հաագայի դատարանի դրական որոշումը:
Պրոֆեսիոնալները, ինչպես Եղիշե Կիրակոսյանը, չեն ստում. նրանք անկեղծ ասում են՝ Միջազգային դատարանի որոշումը դրական է, սակայն այն գործնականում կյանքի չի կոչվի, եթե հակամարտության կողմերը չհասնեն քաղաքական կարգավորման:
Մյուս ճանապարհը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներն են, որոնց կիրառումը ՄԱԿ ԱԽ կամ Եվրամիության մակարդակներում բացառվում է:
Մեր չհիմնավորված ցանկությունները որևէ աղերս չունեն ռեալ պոլիտիկի, ուժերի իրական հարաբերակցության, ստեղծված դիվանագիտական միջավայրի հետ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատության» հյուրն էր: Լրագրողը տարբեր ձևակերպումներով փորձում էր հասկանալ՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի թեմայով: Պատասխանը՝ դիվանագիտական «կռուտիտներ»:
Իսկ Հայաստանում գործիչներ կան, ովքեր պնդում են, թե Հաագայի դատարանի որոշումից հետո ԵՄ-ն, Կոսովոյի օրինակով, կճանաչի Արցախը, եթե Բաքուն հանդգնի չբացել Լաչինի միջանցքը:

Նման մարդիկ իրականում ծաղրում են մեր ժողովրդին…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version