Երբ մեր հայրենակիցները ոգևորված էին Հաագայի միջազգային դատարանի իսկապես կարևոր որոշումից, առիթ ունեցել եմ արձանագրել, որ միջազգային հարաբերություններում իրավունքը չի կարող գերակա լինել քաղաքական որոշումներին, պայմանավորվածություններին, հատկապես՝ համաշխարհային տուրբուլենտության շրջանում:
Այս համատեքստում պետք է անդրադառնալ Լաչինի միջանցքի խնդրին:
Այն, անշուշտ, բացվելու է ու դրան նպաստելու է Լավրովի Բաքու կատարած այցը, բայց միջանցքը այլևս չի ունենալու այն ռեժիմը, որն ուներ մինչև փակվելը՝ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ը:
Լավրովը երեկ Բաքվում հենց դրա մասին էր խոսում:
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում. երեկ Բաքվում ասում էր Լավրովը ու այս նախադասությունը հաճելի էր մեր ականջներին և պատահական չէ, որ մեր ԶԼՄ-ները ողողված էին այս վերնագրերով, բայց Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքը շարունակություն ունի, որն արդեն հայտնվեց մեր լրահոսի «ստվերում»:
Լավրովը չէր բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։
Սա հենց ադրբեջանական վերահսկողության ինստիտուտի մասին է:
Մի խոսքով՝ Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրանում ներկա կլինի նաև Ադրբեջանը, թեկուզև՝ անուղղակի:
Սրա մասին ասել ենք տասնյակ անգամներ, բայց գիտենք էլի հարցնելու են՝ բա՞ Արևմուտքը:
Արևմուտքի համար ԼՂ-ի հարցն ընդհանրապես երկրորդական է, հայ- ադրբեջանական հարաբերությունների լուսանցքում գտնվող մի հարց, որը գործիք է ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու համար:
Լաչինի միջանցքը կբացվի, բայց դրանում ներկա կլինի նաև Ադրբեջանը
