Day: March 2, 2023

Երկխոսություն՝ տարբեր օրակարգերով

Երկխոսություն՝ տարբեր օրակարգերով

Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում երեկ տեղի ունեցած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, ըստ Ստեփանակերտի, քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։
Բաքուն, իր հերթին, նշել է, թե քննարկվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։
Այն, որ Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգը տարբեր օրակարգեր ունի կողմերի համար՝ միանգամայն սպասելի է: Ի վերջո, պաշտոնական Երևանը ԼՂ խնդրում նշաձողն այնքան է իջեցրել, որ այն այլևս դիտարկվում է՝ որպես Ադրբեջանի «ներքին հարց»:
Ցավոք սրտի, Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի փոխարեն՝ ստեղծվում է «միջազգայնորեն տեսանելիության» բաղադրիչ, ինչը ոչ միայն չի երաշխավորում Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն, այլ նաև չի կարող երաշխիքներ ստեղծել ԼՂ սուբեկտության համար:
Պատահական չէ, որ երկխոսության հարթակում Բաքվի կողմից «Ղարաբաղում բնակվող հայերի» հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով, ըստ էության, Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ է: Նման մակարդակի դիալոգում, բնականաբար, դոմինանտ է լինելու Բաքվի օրակարգը:
Մյուս կողմից, տեսանելի է, որ Լաչինի միջանցքի ճակատագիրը մնացել է ռուս- ադրբեջանական համաձայնությունների դաշտում և այն բացվելու է այլ ռեժիմով, որը ենթադրում է նաև ադրբեջանական «ներկայություն»: Այլ խոսքով, միջանցքը բացվելու է ոչ թե Հաագայի դատարանի որոշման, այլ Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի «խմբագրման» հետևանքով:
Մի սցենար, որին Երևանն, ըստ էության, չի դիմադրում…

Փաշինյանին թողնում եմ ձեր դատին

Փաշինյանին թողնում եմ ձեր դատին

Նիկոլ Փաշինյանը երեկ պոպուլիզմի հերթական մաստեր-կլասն է ցույց տվել: Նա ասել է, թե թե Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։
Իրավաբանության տեսանկյունից՝ Փաշինյանի ասածն ուղղակի աբսուրդ է:
Եթե շարժվենք Փաշինյանի տրամաբանությամբ, մի քանի հետևություններ կարող ենք անել.
ա) մեր երկրում իրավական բեսպրեդել է, հանցագործները հայտնի են, բայց պետությունը նրանց կալանավորել չի կարողանում,
բ) իշխանությունը Մարտի 1-ի պատվիրատուներին չի կարողանում կալանավորել, որովհետև նրանց հետ «փայ» է մտել: Ի դեպ, երբ նայում ենք ԱԺ այսօրվա կազմը, այդ վարկածը միանգամայն տրամաբանական է թվում,
գ) Փաշինյանը Մարտի 1-ի հանցագործներին ազատության մեջ է թողնում, որովհետև վաղն ինքը կարող է նոր «Մարտի 1»-ի անհրաժեշտություն ունենալ՝ որպես իշխանության պահպանման միջոց,
դ) Փաշինյանն ադեկվատ չէ ու պետք չէ լուրջ վերլուծել նրա հայտարարությունները:

Այս վարկածներից որևէ մեկի ընտրությունը թողնում եմ ձեր խղճին:

Սուրեն Սուրենյանց

«Կոռուպցիոն ալիբի»

«Կոռուպցիոն ալիբի»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թղթերով ամեն ինչ կարգին է»: Սա մեզանում փաստորեն կենսափիլիսոփայություն է, ոչ թե պարզապես «կոռուպցիոն ալիբի»:
Բանն այն է, որ թղթերով ամեն ինչ իսկապես կարող է լինել կարգին, բառի թե բուն, թե նաեւ պատկերավոր իմաստով՝ իրականությանը համապատասխանելու առումով: Բայց, արդյո՞ք «միայն թղթերով կա հային փրկություն» կամ «միայն հացիվ կեցցե մարդ», թե՞ նաեւ «բանիվ Աստուծոյ»:
Չէ՞ որ կառավարող էլիտաների պարտավորությունը հանրության, պետության առաջ չի սկսում ու ավարտվում միայն թղթերով, այլ նաեւ, եւ գուցե նախ եւ առաջ՝ արժեհամակարգով, մտածողությամբ, մշակույթով, վարքագծով, վարքականոնով:
Կա՞ որեւէ պաշտոնյայի ձեռք բերած որեւէ անշարժ գույքի հարցում կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ, դա թող պարզեն համապատասխան կառույցները, իսկ հանրությունն էլ թող անի հարցախեղդ, բայց չէ՞ որ կա նաեւ այլ կողմեր:
Տնավորվեք, հարգելիներ, երբ օրինակ մի որեւէ արդյունավետ համակարգային լուծում գտած կլինեք բնակարանի կարիք ունեցող հարյուր հազարավորների համար, որոնք միմյանց գլխի լցված ապրում են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում կամ անգամ հյուղակներում: Բնակարանի կարիքը լոկ արժանապատիվ բնակմակերեսի հարց չէ: Այդ խցկված, մեծով ու փոքրով միմյանց գլխի լցված կենսակերպը մարդկաննց վրա թողնում է նաեւ սոցիալ-հոգեբանական այլեւայլ ազդեցություն, բազմաթիվ մետաստազներով:
Հարյուր հազարավորների համար բնակարանները վաղուց դարձել են մի մի «գազել», պարզապես ոչ շարժական, այլ անշարժ «գազել»: Առաջարկեք հանրությանը արժանապատվորեն տնավորվելու մի օպտիմալ համակարգային լուծում, հետո նոր անցեք ձեր տնավորմանը, հարգելիներ: Կամ, հավաքեք ձեր աշխատավարձերը, թողեք պետական բարձրաստիճան պաշտոնները, հետո անցեք «տնավորվելուն»:
Ես բոլորովին չեմ խոսում աղքատ, թշվառ պաշտոնյաներ լինելու մասին, բայց դուք բարդագույն պայմաններում գոյության կռիվ տվող պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական վերնախավ եք, որը ձեր իսկ առաջնորդի բնորոշմամ՝բ առաքելության զգացում պետք է ունենար, բայց ջեզ մոտ կարծես թե գերիշխողը տնավորվելու զգացումն է:
Էլի թող լինի, բայց գոնե մի համակարգային քայլով էլ հարյուր հազարավոր քաղաքացիներին տնավորվելու հնարավորություն ընձեռելուց հետո:

Հ.Գ. եկամտահարկի վերադարձի մասին չխոսել, որովհետեւ դա նախխորդ իշխանության ներմուծած մեխանիզմ էր, ընդ որում զգալիորեն անհաջող եւ գլխավորը՝ զգալիորեն անարդարացի որոշում, որն օգտակար է եղել շատ կարիքավոր քաղաքացիների համար, բայց որից անգամներ ավելի օգտվել են նաեւ
կարիք չունեցողները: Ավելին, այսօր անշարժ գույքի գները հասել են «աստղաբաշխական» ծավալների, ընդ որում զգալլիորեն սպեկուլյատիվ գործոնների հետեւանքով, եւ սպառնալով, որ Հայաստանը վաղը դառնա պետություն, որի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ապրում է անմխիթար բնակֆոնդում, իսկ կողքին աճում են զբոսաշրջային հարմարավետությունները: