Site icon politcom

Երկխոսություն՝ տարբեր օրակարգերով

Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում երեկ տեղի ունեցած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպմանը, ըստ Ստեփանակերտի, քննարկվել է Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը։
Բաքուն, իր հերթին, նշել է, թե քննարկվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերին Ադրբեջանում ինտեգրելու հարցը՝ երկրի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։
Այն, որ Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգը տարբեր օրակարգեր ունի կողմերի համար՝ միանգամայն սպասելի է: Ի վերջո, պաշտոնական Երևանը ԼՂ խնդրում նշաձողն այնքան է իջեցրել, որ այն այլևս դիտարկվում է՝ որպես Ադրբեջանի «ներքին հարց»:
Ցավոք սրտի, Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի փոխարեն՝ ստեղծվում է «միջազգայնորեն տեսանելիության» բաղադրիչ, ինչը ոչ միայն չի երաշխավորում Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունն, այլ նաև չի կարող երաշխիքներ ստեղծել ԼՂ սուբեկտության համար:
Պատահական չէ, որ երկխոսության հարթակում Բաքվի կողմից «Ղարաբաղում բնակվող հայերի» հետ շփումների պատասխանատու է նշանակվել Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով, ըստ էության, Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ է: Նման մակարդակի դիալոգում, բնականաբար, դոմինանտ է լինելու Բաքվի օրակարգը:
Մյուս կողմից, տեսանելի է, որ Լաչինի միջանցքի ճակատագիրը մնացել է ռուս- ադրբեջանական համաձայնությունների դաշտում և այն բացվելու է այլ ռեժիմով, որը ենթադրում է նաև ադրբեջանական «ներկայություն»: Այլ խոսքով, միջանցքը բացվելու է ոչ թե Հաագայի դատարանի որոշման, այլ Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյի «խմբագրման» հետևանքով:
Մի սցենար, որին Երևանն, ըստ էության, չի դիմադրում…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version