«Կոռուպցիոն ալիբի»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թղթերով ամեն ինչ կարգին է»: Սա մեզանում փաստորեն կենսափիլիսոփայություն է, ոչ թե պարզապես «կոռուպցիոն ալիբի»:
Բանն այն է, որ թղթերով ամեն ինչ իսկապես կարող է լինել կարգին, բառի թե բուն, թե նաեւ պատկերավոր իմաստով՝ իրականությանը համապատասխանելու առումով: Բայց, արդյո՞ք «միայն թղթերով կա հային փրկություն» կամ «միայն հացիվ կեցցե մարդ», թե՞ նաեւ «բանիվ Աստուծոյ»:
Չէ՞ որ կառավարող էլիտաների պարտավորությունը հանրության, պետության առաջ չի սկսում ու ավարտվում միայն թղթերով, այլ նաեւ, եւ գուցե նախ եւ առաջ՝ արժեհամակարգով, մտածողությամբ, մշակույթով, վարքագծով, վարքականոնով:
Կա՞ որեւէ պաշտոնյայի ձեռք բերած որեւէ անշարժ գույքի հարցում կոռուպցիոն ռիսկ, թե՞ ոչ, դա թող պարզեն համապատասխան կառույցները, իսկ հանրությունն էլ թող անի հարցախեղդ, բայց չէ՞ որ կա նաեւ այլ կողմեր:
Տնավորվեք, հարգելիներ, երբ օրինակ մի որեւէ արդյունավետ համակարգային լուծում գտած կլինեք բնակարանի կարիք ունեցող հարյուր հազարավորների համար, որոնք միմյանց գլխի լցված ապրում են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում կամ անգամ հյուղակներում: Բնակարանի կարիքը լոկ արժանապատիվ բնակմակերեսի հարց չէ: Այդ խցկված, մեծով ու փոքրով միմյանց գլխի լցված կենսակերպը մարդկաննց վրա թողնում է նաեւ սոցիալ-հոգեբանական այլեւայլ ազդեցություն, բազմաթիվ մետաստազներով:
Հարյուր հազարավորների համար բնակարանները վաղուց դարձել են մի մի «գազել», պարզապես ոչ շարժական, այլ անշարժ «գազել»: Առաջարկեք հանրությանը արժանապատվորեն տնավորվելու մի օպտիմալ համակարգային լուծում, հետո նոր անցեք ձեր տնավորմանը, հարգելիներ: Կամ, հավաքեք ձեր աշխատավարձերը, թողեք պետական բարձրաստիճան պաշտոնները, հետո անցեք «տնավորվելուն»:
Ես բոլորովին չեմ խոսում աղքատ, թշվառ պաշտոնյաներ լինելու մասին, բայց դուք բարդագույն պայմաններում գոյության կռիվ տվող պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական վերնախավ եք, որը ձեր իսկ առաջնորդի բնորոշմամ՝բ առաքելության զգացում պետք է ունենար, բայց ջեզ մոտ կարծես թե գերիշխողը տնավորվելու զգացումն է:
Էլի թող լինի, բայց գոնե մի համակարգային քայլով էլ հարյուր հազարավոր քաղաքացիներին տնավորվելու հնարավորություն ընձեռելուց հետո:

Հ.Գ. եկամտահարկի վերադարձի մասին չխոսել, որովհետեւ դա նախխորդ իշխանության ներմուծած մեխանիզմ էր, ընդ որում զգալիորեն անհաջող եւ գլխավորը՝ զգալիորեն անարդարացի որոշում, որն օգտակար է եղել շատ կարիքավոր քաղաքացիների համար, բայց որից անգամներ ավելի օգտվել են նաեւ
կարիք չունեցողները: Ավելին, այսօր անշարժ գույքի գները հասել են «աստղաբաշխական» ծավալների, ընդ որում զգալլիորեն սպեկուլյատիվ գործոնների հետեւանքով, եւ սպառնալով, որ Հայաստանը վաղը դառնա պետություն, որի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ապրում է անմխիթար բնակֆոնդում, իսկ կողքին աճում են զբոսաշրջային հարմարավետությունները:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր