Site icon politcom

Շոլցի կարևոր արձանագրումը. պատրանքներ ունենալ պետք չէ

Գերմանիայի կանցլերը կարևորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բեռլինում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ երեկվա բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում խոսելով հայ – ադրբեջանական կարգավորումից, Օլաֆ Շոլցը երկու անգամ շեշտել է՝ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։
Իհարկե, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, հաճելի է նման շեշտադրում լսել ԵՄ առաջատար երկրի ղեկավարի շուրթերից. սա ինքնին խոսում է այն հանգամանքի օգտին, որ միջազգային հանրությունը, ի հեճուկս Բաքվի դիրքորոշման, ԼՂ խնդիրը փակված չի համարում և կարծում է, որ քաղաքական կարգավորման փուլը դեռ առջևում է:
Մյուս կողմից, չի կարելի ընկնել նաև պատրանքների գիրկը, ունենալ այնպիսի չարդարացված սպասում, թե Գերմանիան կամ աշխարհի որևէ այլ երկիր պատրաստ է լրջորեն քննարկել ԼՂ անկախությունը ճանաչելու հարցն անգամ:
Չկա նման բան ու չկար անգամ մինչև 44-օրյա պատերազմը:
Շատ սթափ պետք է գիտակցել, որ Գերմանիան հայ- ադրբեջանական հարաբերությունների կամ ԼՂ խնդրով ինքնուրույն քաղաքականություն, նախաձեռնություններ չունի ու աջակցում է ԵՄ ջանքերին ու հստակ է, որ Բրյուսելի

պատկերացումներում որևէ տեղ չկա Արցախի անկախության համար: Այլ հարց է, որ Բրյուսելից կամ Բեռլինից հնչած հայտարարությունները պետք է օգտագործել՝ ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտությունը հնարավորինս մեծացնելու նպատակով:
Բայց սրա համար, նախ և առաջ, հմուտ դիվանագիտություն ունենալ է պետք:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version