Site icon politcom

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սուրեն Սուրենյանցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Պարոն Սուրենյանց, վարչապետ Փաշինյանը Բեռլինում հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Այս մոտեցումն ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել։

-Ես առաջին գործիչներից մեկն եմ եղել, որ պատերազմից հետո կարևորել եմ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որովհետև իրականում խնդրի լուծման կարող ենք հասնել այդ միջակայքում։ Միևնույն ժամանակ՝ ես խիստ վտանգավոր եմ համարում երկու ուղղությամբ խնդիրները լուծելը, այսինքն՝ այն, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը։ Հիմա այդ տարանջատումը վտանգավոր է։ Խնդիրն այն չէ, որ եթե չտարանջատենք՝ հնարավոր կլինի հասնել Ղարաբաղի անկախությանը։ Ո՛չ, Ղարաբաղի անկախությունը հիմա իրատեսական չէ, այդ օրակարգն այժմ չի կարող սպասարկվել։ Խնդիրն այն է, որ եթե մենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարանջատում ենք հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման համատեքստից, այն բոլոր միջազգային երաշխիքները, որ կարող են տարածվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ասպեկտների վրա, չեն տարածվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կամ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վրա։

Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա։ Մինչև վերջերս խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի մասին։ Հիմա շատ սահուն անցում են կատարել միջազգայնորեն տեսանելի մեխանիզմի վրա, որը միանգամայն այլ բան է նշանակում։ Ես վախենում եմ, որ տարանջատման պարագայում՝ միջազգային մեխանիզմ չի գործելու Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վրա, ավելի շատ գործ ենք ունենալու իմիտացիայի հետ։ Սրա նշաններն արդեն կան։ Ադրբեջանցի ինչ-որ պատգամավոր՝ Մամեդով, որը ղարաբաղյան ծագում ունի, հանդիպումներ է ունենում Արցախի ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումներն, այսպես կոչված, տեխնիկական կամ հումանիտար խնդիրների շուրջ են, բայց դա չի խանգարում Բաքվին ակտիվ քարոզչություն տանել, որ ռեինտեգրացիայի թեմայով Ստեփանակերտի հետ երկխոսություն են ունենում։ Այստեղ բացասական է նաև այն հանգամանքը, որ անմիջապես Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը ողջունում է այդ պրոցեսը։ Այսինքն՝ տարանջատելու գործում վտանգները մեծանում են, որովհետև միջազգային երաշխիքների համակարգը չի տարածվելու Ստեփանակերտ-Բաքու երկխսոության վրա։

-Իսկ եթե չտարանջատի ու Ղարաբաղի հարցի ներառումը Երևանը որպես նախապայման առաջ քաշի, վտանգ չկա՞, որ մեզ կմեղադրեն միտումնավոր բանակցությունները տապալելու մեջ։

-Ցանկության դեպքում՝ ամեն ինչի մեջ կարող ենք տեսնել բանակցությունների տապալման միտում, բայց սա այն նվազագույնն է, որը Հայաստանը չպետք է զիջի։ Հայաստանն օբյեկտիվորեն զիջել է կարգավիճակի նշաձողի հարցում։ Ես ընդդիմադիր եմ, բայց այս հարցում երբեք իշխանությանը չեմ մեղադրել, որովհետև հիմա հետապնդել Ղարաբաղի անկախության օրակարգը, նշանակում է՝ գնալ բանակցային գործընթացի վիժեցման։ Մանավանդ՝ այս հարցում մենք աշխարհում զրո դաշնակից ունենք։ Սակայն կա մի կարմիր գիծ, որից այն կողմ զիջումը նշանակում է վտանգի տակ դնել Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կամ Ղարաբաղի հայկականությունը։Եթե մենք պայմանագրում չպնդենք ու այդ պայմանագրի միջազգային երաշխիքները չտարածվեն Ղարաբաղի ժողովրդի վրա, այդ վտանգը շատ առարկայական է դառնում։ Այդ պարագայում մենք կարգավորման ենք գնում Ղարաբաղի հայաթափման գնով։

-Ալիևին էլ պետք չէ՞ր լինի ներառել Ղարաբաղի հարցը լուծել ու վերջացնել հիմա, երբ ինչպես դուք նշեցիք՝ անկախության օրակարգն անհնար է սպասարկել։

-Երբ չի ներառվում, ինքն անմիջապես հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը ներառված չէ, որովհետև այն ներքին հարց է։ Հենց այդ նպատակով էլ ինքը չի ուզում ներառել։

Խոսեմ մեկ այլ վտանգի մասին։ Երբ հայ-ադրբեջանական պայմանագրում Ղարաբաղի հարցը ներառվում է, Հայաստանն էլ ինչ-որ առումով դառնում է պատասխանատու Ղարաբաղի ճակատագրի համար։ Չէ՞ որ ինքը պայմանագրի կողմ է։ Իսկ եթե պայմանագրից դուրս է բերվում, Հայաստանն ընդհանրապես ինչ-որ առումով այլևս անելիք չի ունենում, ինչը շատ վտանգավոր է։

-Եթե Հայաստանը պետք է որոշի Ղարաբաղի ճակատագիրը, Արցախի իշխանություններն ի՞նչ անեն։ Տարիներ շարունակ, կներեք, բայց բացի ժողովրդի լեզվով ասած «մուննաթից» այլ բան Ստեփանակերտից չենք լսել, մշտապես ինչ-որ բաներ իրենց «սրտով չեն»։

-Ղարաբաղի իշխանությունն անգործության գլուխգործոց է։ Ես Ղարաբաղի իշխանությանն արդարացնելու միտում չունեմ։ Ես ամենևին այն մարդկանցից չեմ, որ Ստեփանակերտից եկող մուննաթներին դրական եմ վերաբերում։ Չի կարելի միայն պաշտոնական Երևանին մեղադրել։ Ճիշտ է՝ պաշտոնական Երևանը հնարավոր բոլոր մեղքերը գործել-վերջացրել է, բայց դա ամենևին Ստեփանակերտին պատասխանատվությունից չի ազատում։ Իրենք պետք է սովորեն իրենց վրա քաղաքական պատասխանատվություն վերցնել։ Ստեփանակերտի իշխանությունը, ցավորք սրտի, դրան սովոր չէ։ Այնտեղից մենք լավագույն դեպքում լսում ենք լոզունգներ, երբեմն՝ նաև պոպուլիստական, օրինակ, «Առանց Արցախ չկա Հայաստան» և այլն։ Դա ռեալպոլիտիկի հետ որևէ կապ չունի։ Իհարկե Արցախում պետք է սովորեն իրենց ճակատագիրը տնօրինել։ Մյուս կողմից՝ մի այնպիսի բեռ թողնել Արցախի վրա, որը պատերազմից հետո Արցախը չի կարող սպասարկել՝ սխալ է։ Ենթադրել, որ Ստեփանակերտը կարող է սիմետրիկ բանակցություններ ունենալ Բաքվի հետ՝ լուրջ չէ։ Երկու ծայրահեղություն կա, որից մենք պետք է հնարավորինս ձերբազատվենք։ Առաջին ծայրահեղությունն այն է, որ ամեն ինչի համար մեղավոր է ՀՀ իշխանությունը, այդ դեպքում ինչի՞ համար Ստեփանակերտում իշխանություն գոյություն ունի։ Երկրորդ ծայրահեղությունն էլ այն է, որ ամեն ինչ թողնում ենք Ստեփանակերտի վրա։ Դա էլ է շատ վտանգավոր ծայրահեղություն, որովհետև թուլացած, սուբյեկտությունից զրկված Արցախն ինչպե՞ս կարող է Բաքվի հետ սիմետրիկ երկխոսություն ունենալ՝ ընդ որում եթե միջազգային մեխանիզմներն էլ հստակեցված չեն կամ լղոզված են։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version