Day: March 7, 2023

Նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար

Նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա խոսքից(նաև դեսպան Էդմոնդ Մարուքյանի գրառումից) պարզ դարձավ, որ Ադրբեջանը նոր սադրանքներ(պատերազմ) է նախապատրաստում:

Իհարկե, իշխանության առաջին դեմքերը պարտավոր են ժողովրդի հետ անկեղծ լինել, բայց եթե նրանք միայն անոնսավորում են թշնամու ագրեսիվ օրակարգը, ապա դա հուսահատություն է ծնում հասարակության շրջանում:

Ինչո՞ւ հայկական դիվանագիտությունը չի կարողանում կանխել Բաքվի ռազմատենչ մտադրությունները, ի՞նչ են պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը ձեռնարկելու՝ ի պատասխան Բաքվի հնարավոր ագրեսիայի և ի վերջո՝ արդյո՞ք միայն Ալիևն է ավելի մեծ հավակնություններ դրսևորում, որոնք նկարագրված են Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, թե՞ նաև Երևանն է այդ համաձայնությունները շրջանցելու փորձեր անում:
Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև նոր պատերազմը կարող է կործանարար լինել Հայաստանի և Արցախի համար:

Սուրեն Սուրենյանց

Մոլորություն է խոսել միջազգային մեխանիզմների մասին

Մոլորություն է խոսել միջազգային մեխանիզմների մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր, երբ Ռուսաստանն ի վիճակի չէ պաշտպանել անգամ սեփական տարածքը՝ թե դրոնային հարվածներից, թե նաեւ դիվերսիոն գործողություններից, պատկերացնել, թե նրա խաղաղապահները ի վիճակի են լինելու անել դա Արցախում, մեղմ ասած մոլորություն է:
Ես էլ չեմ խոսում Ռուսաստանի քաղաքական մոտիվների մասին, որ պայմանավորված են Ադրբեջանի եւ Թուրքիայի գործոնով:
Միեւնույն ժամանակ սակայն, նույն կերպ մոլորություն է խոսել միջազգային մեխանիզմների մասին: Այսօր կա աշխատող միջազգային մեկ մեխանիզմ՝ ուժ, ում ուժն ինչ կպատի:
Եվ մոլորության մյուս հանգամանքն էլ ըստ իս դարձյալ մոտիվացիոն դաշտում է եւ արտահայտվել եմ բազմիցս, որ, միջազգային որեւէ առանցքային դերակատար չի ստանձնի իրավիճակի կայունության ֆորմալ պատասխանատվություն եւ այդ հարցում չի «թեթեւացնի» Ռուսաստանի բեռը, եթե չդիտարկենք նույնիսկ հակառակը՝ օգտագործել ապակայունացման ռիսկերը Ռուսասանի դեմ:
Սա չի նշանակում անշուշտ, որ մենք չպետք է խոսենք թե Ռուսաստանի մանդատային պատասխանատվությունից, թե միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունից եւ ընդհանրապեես միջազգային կառույցների ու դրա անդամների պատասխանատվությունից:
Բայց, սանտիմետրից մինչեւ կիլոմետր մեր անվտանգության խնդիրների լուծումը՝ լինի ռազմմական բաղադրիչով, դիվանագիտական, թե տնտեսական, կախված է մեր կարողությունից: Սա՝ այդ կարողության անընդհատ աճի եւ բազմազանության ապահովումը պետք է լինի մեր քննարկումների գերակայող գործոնը:

Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը Radar Armenia-ին

Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը Radar Armenia-ին

«Ադրբեջանը կրակեց Ռուսաստանի և Արևմուտքի ուղղությամբ». Սուրեն Սուրենյանց

Երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով դիվերսիոն ներթափանցմանն, ասաց, թե հայկական կողմը սխալ բանակցային մարտավարություն է ընտրել. «Այն փուլից սկսած, երբ Հայաստանը համաձայնություն տվեց երկու առանձին «տրեքով» քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ԼՂ հարցը, սպասելի էր, որ նման բան է լինելու, որովհետև այդ մոտեցումը բերում է նրան, որ Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի ներքին հարց, քանի որ մենք ակնհայտորեն չենք տեսնում այդ միջազգային մեխանիզմները»։

Սուրենյանցը հարցրեց՝ ու՞ր են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմները, ու՞ր է միջազգային հակազդեցությունը․ «Ալիևը փորձեց ճշտել ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության էֆեկտիվությունը, մյուս կողմից՝ արևմտյան կառույցների հնարավոր հակազդեցության չափը։ Ադրբեջանը երկու ուղղությամբ էլ կրակոց արձակեց՝ թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի։ Ինչու՞ ռուսների, քանի որ հենց նրանցից է ակնկալվում Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխություն»։

Սուրենյանցը նշեց, որ Ալիևը հաշվարկել է՝ լուրջ հակազդեցության չի հանդիպելու․ «Բնականաբար, կլինեն դատապարտող հայտարարություններ, բայց Ալիևը հաշվարկել է, որ համաշխարհային տուրբուլենտության փուլում որևէ կենտրոնից լուրջ հակազդեցություն չի լինելու»։

Ըստ նրա՝ Ալիևը երկու շատ պրակտիկ խնդիր է փորձում լուծել․ առաջինը՝ լուծել Արցախի ապառազմականացման կամ ՊԲ-ի կազմալուծման հարցը, երկրորդ՝ ներկայացնել, թե զենք են տեղափոխել Արցախ․ «Այս խնդիրը լուծելու համար նա պետք է մի կողմից առևտրի դաշտ բացի ռուսների հետ, մյուս կողմից ցույց տա, որ Արևմուտքի հակազդեցությունը այնքան չէ, որ կարողանա իր վրա ազդեցություն ունենա։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա․ այս կրակոցները տեղի են ունենում Հաագայի դատարանի վճռից հետո։ Սրանով փորձում է նաև ցույց տալ, որ այդ վճիռն իր համար արժեք չունի, քանի որ Ալիևը կարծում է՝ Ուկրաինայի պատերազմում թաթախված Ռուսաստանը ի վիճակի չէ կոշտ հակազդել իրեն, բացի այդ էլ՝ Ռուսաստանին էլ ձեռնտու չէ ուկրաինական պատերազմի ֆոնին կորցնել Ադրբեջանի և Թուրքիայի նման դաշնակիցներ։ Նաև հաշվարկել է, որ անգամ Հաագայի դատարանի վճռի պարագայում պատժամիջոցներ չի կիրառելու, դրա համար էլ գնում է ահաբեկչական սադրանքի ճանապարհով»։

Հայկ Մագոյան
radar.am