Site icon politcom

Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը Radar Armenia-ին

«Ադրբեջանը կրակեց Ռուսաստանի և Արևմուտքի ուղղությամբ». Սուրեն Սուրենյանց

Երեկ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։

Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով դիվերսիոն ներթափանցմանն, ասաց, թե հայկական կողմը սխալ բանակցային մարտավարություն է ընտրել. «Այն փուլից սկսած, երբ Հայաստանը համաձայնություն տվեց երկու առանձին «տրեքով» քննարկել հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ԼՂ հարցը, սպասելի էր, որ նման բան է լինելու, որովհետև այդ մոտեցումը բերում է նրան, որ Ղարաբաղը դառնում է Ադրբեջանի ներքին հարց, քանի որ մենք ակնհայտորեն չենք տեսնում այդ միջազգային մեխանիզմները»։

Սուրենյանցը հարցրեց՝ ու՞ր են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմները, ու՞ր է միջազգային հակազդեցությունը․ «Ալիևը փորձեց ճշտել ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության էֆեկտիվությունը, մյուս կողմից՝ արևմտյան կառույցների հնարավոր հակազդեցության չափը։ Ադրբեջանը երկու ուղղությամբ էլ կրակոց արձակեց՝ թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի։ Ինչու՞ ռուսների, քանի որ հենց նրանցից է ակնկալվում Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխություն»։

Սուրենյանցը նշեց, որ Ալիևը հաշվարկել է՝ լուրջ հակազդեցության չի հանդիպելու․ «Բնականաբար, կլինեն դատապարտող հայտարարություններ, բայց Ալիևը հաշվարկել է, որ համաշխարհային տուրբուլենտության փուլում որևէ կենտրոնից լուրջ հակազդեցություն չի լինելու»։

Ըստ նրա՝ Ալիևը երկու շատ պրակտիկ խնդիր է փորձում լուծել․ առաջինը՝ լուծել Արցախի ապառազմականացման կամ ՊԲ-ի կազմալուծման հարցը, երկրորդ՝ ներկայացնել, թե զենք են տեղափոխել Արցախ․ «Այս խնդիրը լուծելու համար նա պետք է մի կողմից առևտրի դաշտ բացի ռուսների հետ, մյուս կողմից ցույց տա, որ Արևմուտքի հակազդեցությունը այնքան չէ, որ կարողանա իր վրա ազդեցություն ունենա։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա․ այս կրակոցները տեղի են ունենում Հաագայի դատարանի վճռից հետո։ Սրանով փորձում է նաև ցույց տալ, որ այդ վճիռն իր համար արժեք չունի, քանի որ Ալիևը կարծում է՝ Ուկրաինայի պատերազմում թաթախված Ռուսաստանը ի վիճակի չէ կոշտ հակազդել իրեն, բացի այդ էլ՝ Ռուսաստանին էլ ձեռնտու չէ ուկրաինական պատերազմի ֆոնին կորցնել Ադրբեջանի և Թուրքիայի նման դաշնակիցներ։ Նաև հաշվարկել է, որ անգամ Հաագայի դատարանի վճռի պարագայում պատժամիջոցներ չի կիրառելու, դրա համար էլ գնում է ահաբեկչական սադրանքի ճանապարհով»։

Հայկ Մագոյան
radar.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version