Չնայած Երևանից հնչող հերքումներին՝ Բաքվում շարունակում են պնդել՝ հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ «Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով զինծառայողներ և ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում»։
Ալիևի հաշվարկը պարզ է՝ միջազգային հանրության լոյալության պայմաններում լուծել երկու կարևոր խնդիր՝ հասնել Արցախի ապառազմականացմանը կամ ԼՂ ՊԲ բանակի կազմալուծմանը ու Լաչինի միջանցքում վերահսկողության հաստատմանը:
Ինքնին հասկանալի է, որ սա Արցախի հայաթափության ծրագրի մի մաս է:
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը դժվարությամբ է հակադրվում Բաքվի ագրեսիվ օրակարգին. ուկրաինական պատերազմը սահմանափակել է Մոսկվայի կարողությունները, ու նա չի ուզում կամ չի կարողանում հակադրվել Բաքվին, մանավանդ, գլոբալ իրադարձությունների հետևանքով՝ Ռուսաստանի համար Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են արժեքավոր գործընկերներ:
Փաստորեն, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, որն, անշուշտ, ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, որոշակիորեն դառնում է նաև Բաքվի աջակիցը՝ ԼՂ-ն «ռեինտեգրելու» հարցում:
Սակայն այս «առաքելության» մեջ ռուսները մենակ չեն:
«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», – ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Փաստորեն, «հումանիտար» ԵՄ ներկայացուցիչն իր համերաշխությունն է հայտնում Ալիևի ագրեսիվ օրակարգին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն էլ շտապում է «հանգստացնել» Ալիևին: «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,- «Ազատությանն» ասել է ամերիկացի դիվանագետը:
Սակայն մեր դժբախտությունների արմատը ոչ Մոսկվայում է, ոչ էլ՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում:
Արցախը «փուռը տալու» նախադրյալները ստեղծել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայի հայտարարությունը ստորագրելով:
Հայաստանի փաստացի վարչապետը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա դիմաց ստանալով ընդամենը ԵՄ քաղաքացիական առաքելության համեստ մանդատը ու ոչ մի միջազգային երաշխիք՝ Արցախի նվազագույն սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար:
Սուրեն Սուրենյանց