Day: March 13, 2023

Թորոսյանը բացահայտեց Փաշինյանի «մերկությունը»

Թորոսյանը բացահայտեց Փաշինյանի «մերկությունը»

Քովիդի դեմ պայքարի շարաշահումների հետ կապված կոռուպցիոն սկանդալն ուշագրավ է մի քանի շերտերով, որոնցից ոչ բոլորն են արժանանում քաղաքական, հանրային շրջանակների ուշադրությանը:
Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր են Արսեն Թորոսյանի արձագանքն ու գրառումները:
Եթե ՔՊ-ական գործող պատգամավորի ու նախկին նախարարի արդարացումները ու լիրիկան մի կողմ թողնենք, ապա նրա երկու հիմնական եղրահանգումներ պետք է արձանագրենք՝ ա) գործ ունենք պատվերով հետապնդման հետ, բ) տեղի է ունենում ոչ թե արդարության բացահայտում, այլ նպատակային թիրախավորում:
Փաստորեն, ՔՊ վարչության անդամը «մերկացնում» է Փաշինյանին, կասկածի տակ է դնում բուն հեղափոխության փաստը, ռեֆորմների անցկացումը: Ստացվում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չկա, ու Փաշինյանը դրա քողի տակ ընդամենը «զտումներ» է անում՝ իշխանության ներսում ազատվելով իր համար անցանկալի անձանցից:
Համաձայնեք, առաջին անգամն է, որ նման պնդում անում է իշխանության «պոլիտբյուրոյի» անդամը՝ փաստացի բացահայտելով իշխանության այլասերվածությունը, արժեքային դեգրադացիան:
Կոռուպցիոն սկանդալը ու դա նկատմամբ արձագանքը հուշում են նաև, որ իշխանության ներսում առկա է կլանային անհաշտ պայքար, որի հակամարտ կողմերը միմյանց «հոշոտում» են ոչ թե արժեքների, գաղափարների, այլ փողի, ազդեցության համար:
Սա դաժան իրականություն է, որն, իհարկե, չի սրբագրում Թորոսյանի հնարավոր պատասխանատվությունը, բայց ընդլայնում է այն «էլիտայի» շրջանակը, որը վաղ թե ուշ տալու է դժվար հարցերի պատասխաններ, գուցե նաև՝ դատարանի առաջ:

Սուրեն Սուրենյանց

Ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը

Ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը

Եվ այսպես՝ մինչ Նիկոլ Փաշինյանի Պրահայում արագ բավարարում էր Իլհամ Ալիևի օրակարգը(ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը), դրա դիմաց չստանալով ԼՂ քաղաքական ինքնավարության ու անվտանգության որևէ երաշխիք, Բաքուն նպատակային մտածում էր Արցախի սուբեկտության վերջնական ոչնչացման մասին, ինչի դրսևորումներից մեկը դարձավ Լաչինի միջանցքի փակումը՝ Պրահայից երկու ամիս անց:
Ու մինչ հիմա Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկար- բարակ խոսում է ինչ-որ «միջազգային մեխանիզմի» մասին, նրա ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևն այսօր շտապել է հայտարարել, որ Ադրբեջանի համար ԼՂ հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից ու, որ «ԼՂ հայերը որևէ արտոնություն չեն ստանալու»:
Եթե սա համադրում ենք Հասանովի երեկվա հայտարարության հետ, Բաքվի առաջիկա վարքագիծը գրեթե կանխատեսելի է դառնում:
Իսկ ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը, դարձյա՞լ կառավարության հերթական նիստերում պոստֆակտում արձանագրելու է Բաքվի ագրեսիվ գործողությունների փաստը: