Site icon politcom

Թորոսյանը բացահայտեց Փաշինյանի «մերկությունը»

Քովիդի դեմ պայքարի շարաշահումների հետ կապված կոռուպցիոն սկանդալն ուշագրավ է մի քանի շերտերով, որոնցից ոչ բոլորն են արժանանում քաղաքական, հանրային շրջանակների ուշադրությանը:
Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր են Արսեն Թորոսյանի արձագանքն ու գրառումները:
Եթե ՔՊ-ական գործող պատգամավորի ու նախկին նախարարի արդարացումները ու լիրիկան մի կողմ թողնենք, ապա նրա երկու հիմնական եղրահանգումներ պետք է արձանագրենք՝ ա) գործ ունենք պատվերով հետապնդման հետ, բ) տեղի է ունենում ոչ թե արդարության բացահայտում, այլ նպատակային թիրախավորում:
Փաստորեն, ՔՊ վարչության անդամը «մերկացնում» է Փաշինյանին, կասկածի տակ է դնում բուն հեղափոխության փաստը, ռեֆորմների անցկացումը: Ստացվում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չկա, ու Փաշինյանը դրա քողի տակ ընդամենը «զտումներ» է անում՝ իշխանության ներսում ազատվելով իր համար անցանկալի անձանցից:
Համաձայնեք, առաջին անգամն է, որ նման պնդում անում է իշխանության «պոլիտբյուրոյի» անդամը՝ փաստացի բացահայտելով իշխանության այլասերվածությունը, արժեքային դեգրադացիան:
Կոռուպցիոն սկանդալը ու դա նկատմամբ արձագանքը հուշում են նաև, որ իշխանության ներսում առկա է կլանային անհաշտ պայքար, որի հակամարտ կողմերը միմյանց «հոշոտում» են ոչ թե արժեքների, գաղափարների, այլ փողի, ազդեցության համար:
Սա դաժան իրականություն է, որն, իհարկե, չի սրբագրում Թորոսյանի հնարավոր պատասխանատվությունը, բայց ընդլայնում է այն «էլիտայի» շրջանակը, որը վաղ թե ուշ տալու է դժվար հարցերի պատասխաններ, գուցե նաև՝ դատարանի առաջ:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version