Մեզ են ծաղրու՞մ, թե՞ մենք ենք մեզ ծաղրում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարտի 10-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վայոց ձոր եւ Սյունիք այցի շրջանակում այցելել է «Լաչինի միջանցքի սկզբնամաս»: Դեսպանը նաեւ լուսանկար էր հրապարակել ուղեփակոցի ֆոնին՝ ինքն ու Սյունիքի մարզպետը:
Ողջունելի է Հայաստանի մարզեր ԱՄՆ դեսպանի, եւ բոլոր դեսպանների այցելությունները, աշխույժ աշխատանքը մարզային կյանքի զարգացման ուղղությամբ, որ իրականացվում է տարբեր ծրագրերով: Հայաստանում քիչ մարդ կգտնվի, որ այս տարիների ընթացքում իմ չափ աննդրադարձ կատարած լինի այդ խնդիրներին: Նաեւ, ԱՄՆ նորանշանակ դեսպանի՝ դեռեւս թեկնածության փուլում ուշադրություն եմ հրավիրել հանգամանքին, որ նա այսպես ասած մասնագիտացած է «տնտեսական դիվանագիտության» ուղղությամբ աշխատանքում եւ սա եւս կարեւոր եմ համարում հայ-ամերիկյան հարաբերության տնտեսական հիմքն ամրացնելու հարցում աշխատանքը սերտացնելու առումով:
Բայց, ինչ վերաբերում է Լաչինին, Հայաստանում հնչեցին գնահատականներ, թե դեսպանի այցն ինչ որ կարեւոր ուղերձ էր Ալիեւին, Ռուսաստանին եւ այլն:
Ալիեւի էլ, Ռուսաստանի էլ՝ «հերն անիծած», գիտենք նրանց հարաբերությունը, փոխադարձ շահեր եւ այլն, վաղուց: Այդ մասով էլ, Հայաստանում կգտնվի այդ

առնչությամբ իմ չափ հրապարակումներ ու անդրադարձեր ունեցած որեւէ մեկը:
Մեր խնդիրն այսօր ոչ թե այդ ամենի վերաբերյալ քննարկումների վիճակագրության նորանոր ռեկորդներ սահմանելն է, այլ մյուս բոլոր խոշոր խաղացողների կարողությունների, ցանկությունների, մոտիվների եւ պատասխանատվության հարցը պարզելը, հասկանալու համար, թե էստեղ մենք ինչի՞ հետ գործ ունենք, ունե՞նք որակական այլընտրանք, փոխլրացնող որեւէ բան, ինչ ծավալով եւ այլն:
Ըստ այդմ, Լաչինի միջանցքի «սկզբնամասի» արգելափակոց հասնելն ու լուսանկարվելը ի՞նչ ուղերձ, եթե մոտ երկու ամիս առաջ՝ հունվարի 23-ին, դեսպան Քվինի անմիջական ղեկավար Էնթոնի Բլինքենն է խոսել Ալիեւի հետ եւ հաղորդագրություն տարածել, որ՝ «հորդորել է անհապաղ բացել միջանցքը»: Դրանից հետո՝ երբ միջանցքը փակ է, իսկ ԱՄՆ Կովկասի հարցերի նոր բանակցողն էլ հայտարարում է, որ խոսք չկա Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մասին, մեզ են ծաղրու՞մ՝ «արգելափակոցի ֆոնին» լուսանկարով, թե՞ մենք ենք մեզ ծաղրում՝ այդ լուսանկարը ինչ որ ուղերձ մատուցելով:
Ի դեպ, այդ տեղեկությունից մի քանի ժամ անց տեղեկություն եղավ, որ Բաքուն դարձյալ փակել է գազը:
Իսկ ի՞նչ է մտածելու որեւէ երկրի դեսպան (այստեղ որեւէ կապ չունի, թե որ երկրի, որովհետեւ խնդիրն ու երեւույթը վերաբերում է ցանկացած երկրի դեսպանի գործունեության հանդեպ մեր հանրային օրգանիզմի ռեակցիաների համակարգին), երբ դիտարկի, թե ինչ արձագանքներ կան արգելափակոցի ֆոնին

լուսանկարից: Թերեւս «մտածելու» է իր երկրի (որ երկրի դեսպանն էլ որ լինի) մայրաքաղաք հաշվետվության մեջ գրել, որ ամեն ինչ շատ լավ է, լուսանկարչական դիվանագիտությունը ընթանում է իր հունով, այս հինավուրց ժողովուրդը խելքամաղ է լինում լուսանկարչականեւ սոցցանցային տեխնոլոգիաների համադրումից, կցում եմ առաջիկայում լուսանկարվելիք տեղանքների ցանկը՝ խնդրում եմ հաստատել:
Հ. Գ. կրկնեմ, ներողություն խնդրելով՝ ովքեր չեն հասկանալու գրառման բովանդակությունն ու շեշտադրումը, թող մի քանի անգամ կարդան, որպեսզի չգան այստեղ Արեւմուտք-Ռուսաստան երկրպագության կամ հակաերկրպագության ակցիա-գրառումներ կատարեն, թե ինչու սրան ասացիր, նրան չասացիր: Այդ հարցերի պատասխանները պարզ գրվածեն: Իսկ եթե չկա ցանկություն «հասկանալու», թող իրենց նեղություն չտան երկրպագուական ակցիաներով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր