Site icon politcom

Անվերջ ՄՂՁԱՎԱՆՋ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

1918-ին մենք Բրեստ-Լիտովսկը, ապա Տրապիզոնը համարում էինք դավաճանություն, բայց երկու ամիս անց խնդրում-աղաչում էինք Բրեստ-Լիտովսկ, թուրքերն ասում էին՝ արյուն է թափվել…
Իրապաշտ հայերը, անվանեք նրանց ԴԱՎԱՃԱՆՆԵՐ կամ ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆՆԵՐ, ովքեր կողմ էին ավելի նեղ սահմաններում պարփակվել, մեծամասնության կողմից, անվանեք նրանց ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ու ՀԱՂԹԱԿԱՆ գծի կողմնակիցներ, պիտակավորվեցին որպես թրքասերներ:
1918-ին իրապաշտ Քաջազնունին և Խատիսյանը գլուխները կախը, սրտները կսկիծով գնացին Բաթում և ստորագրեցին օսմանյան պարտադրանքի՝ կապիտուլյացիայի տակ: ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ու ՀԱՂԹԱԿԱՆ հայերը, այդ թվում Անդրանիկը, նրանց պիտակավորեցին թրքասերներ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ թուրքի ձեռքով ստեղծված:
1920-ին մենք գուցե հնարավորություն ունեինք պահել եթե ոչ 60 հազար, ապա հավանաբար 30 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածքով Հայաստան բայց գնացինք Սևրի արկածախնդրության հետևից՝ 6 շաբաթում կորցնելով ավելի քան 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Կարևորը, որ Սևրում ոսկյա գրիչով 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստան էին խոստանում:
1997-ին, երբ Ադրբեջանը դեռ քանդված էր, մենք շանս ունեինք, հավանաբար ունեինք, պահել 4,4 հազար քառ կմ տարածքով Արցախ, նաև՝ ամբողջ Լաչինի շրջանը, բայց ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ՀԱՂԹԱԿԱՆ Վազգենը, Քոչարյանը, Սերժն ու մյուսները պետական հեղաշրջում իրականացրեցին, իշխանությունից ՀԵՌԱՑՐԵՑԻՆ պարտվողականներին՝ հանուն 8.000 քառ կմ անկախ Արցախի… 20 տարի նրանք բան չասացին 8.000-ի մասին, բայց 8.000 անգամ հարստացան, գուցե՝ ավելի:
2020-ին մենք կորցրեցինք մի ամբողջ սերունդ, որի համար ԴԺՈԽՔ ենք գնալու, կորցրեցինք 8.000 քառակուսի կիլոմետր, և ենթարկվեցինք կապիտուլյացիայի, ինչպես 1918-ին՝ Բաթումում, 1920-ին՝ Ալեքսանդրապոլում, ՀԱՂԹՈՂԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չընդունեցին… բայց այսօր, երբ մեր գործերը շատ ավելի վատ է, քան 2020-ի նոյեմբերի 9-ին, հենց նոյեմբերի 9-ի տեքստին են հղում կատարում…
Անվերջ ՄՂՋԱՎԱՆՋը շարունակվում է, ու եթե այսօր չխոսենք թուրքի ու ադրբեջանցու հետ, ապա մեկ տարի հետո գուցե կրկին կհամոզվենք, որ ուշացել ենք:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version