Site icon politcom

Ալիևը բացահայտեց այն, ինչի մասին կցկտուր խոսում էր Փաշինյանը

Թուրքալեզու պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում Ալիևը հանդես է եկել հերթական աղմկոտ հայտարարությամբ:
Վերադարձի նպատակ ունեն նաև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները», ասել է նա: Ալիևի խոսքերով՝ ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Սա վտանգավոր ուղերձ է այն մասին, որ ԼՂ-ում սպասվում են էթնիկ զտումներ՝ այն իմաստով, որ Ալիևը փոխկապակցում է թեմաներ, որոնք չունեն որևէ ընդհանուր կապ: Օրինակ, վաղը նա կարող է հայտարարել, թե Արցախում հայեր չպետք է ապրեն, որովհետև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները» չկարողացան վերադառնալ Հայաստան:
«Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներ ու անվտանգություն» տերմինը բացառում է ԼՂ սուբեկտության ու ժողովրդի անվտանգության որևէ երաշխիք:
Ալիևը երեկ, ըստ էության, բացահայտեց այն, ինչի մասին նախօրեին կցկտուր խոսում էր Փաշինյանը:
Արդյո՞ք ԵՄ-ն համարելու է, որ Ադրբեջանը շարժվում է իրենց միջնորդության տրամաբանությամբ կամ՝

արդյո՞ք Մոսկվայում համարում են, որ Ալիևի հայտարարությունը բխում է Նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից:
Սրանք հարցեր են, որոնք Երևանը պետք է բարձրացնի միջազգային խաղացողների առաջ՝ նրանց պատասխանատվությունը ֆիքսելու նպատակով:
Մյուս կողմից, Փաշինյանի վարած անտաղանդ քաղաքականության հետևանքով՝ հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում, ինչի դրսևորումն են Մարիա Զախարովայի երեկվա հեգնական հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ակնհայտ սառնություն գոյություն ունի նաև Հայաստան- Արևմուտք հարաբերություններում, ինչի մասին թափանցիկ ակնարկեց Փաշինյանն՝ իր վերջին ասուլիսում:
Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է լուրջ ռիսկերի առաջ:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version