Site icon politcom

Ալիևի հոխորտանք ու մեր կորսված հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս:
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», – ասել է Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։
«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», – հայտարարել է նա Թալիշ գյուղում։
Հայաստանի ԱԳՆ-ն բավականին կոշտ տեքստով հակադրվել է Ադրբեջանի նախագահի թեզերին, սակայն մեծ հաշվով՝ Ալիևն օգտագործում է այն հնարավորությունը, որն իր երկիրը ստացել է 44-օրյա պատերազմից հետո:
Մինչև 1998թ-ը Հայաստանն ուներ հնարավորություն՝ որոշելու, թե ինչպիսի պետություն պետք է լինի Ադրբեջանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած արժանապատիվ խաղաղության օրակարգը մերժելով ու 1998-ի պետական հեղաշրջմամբ՝ մենք փակեցինք հնարավորության այդ պատուհանը:
Հետագա 22 տարիներին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը մսխել են մեր երկրի դիվանագիտական հնարավորությունները, իսկ 44-րյա պատերազմից հետո Ալիևն ինքն է բացառիկ շանս ստացել՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում՝ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը, որոնք, ցավոք, մեր օգտին չեն: Սրան հավելենք նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դիլետանտիզմը, որը խոշոր հաղթաթուղթ է Ալիևի համար:
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կարող է միջազգային խաղացողների առջև սահմանել նրանց պատասխանատվության հարցը ու կանխել Բաքվի հերթական ագրեսիան:
Սա է էական հարցը, որովհետև Ալիևի ուզածը Հայաստանի կապիտուլյացիան է՝ խաղաղության պայմանագիր պարտադրելու կամ պատերազմի միջոցով:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version