Հայաստանի անելիքը

Երբ Ռուսաստանը չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները կամ նրանք, որոնք ամրագրված են Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում, մեր քաղաքական ընտրանին, հասարակությունն օբյեկտիվորեն քննադատում են Մոսկվային՝ հաճախ անտեսելով, որ Մոսկվան գուցե «թերացել» է «հարգելի» պատճառներով:
Պատասխանատվության ինստիտուտ պետք է սահմանել նաև միջազգային այլ խաղացողների համար:
Ադրբեջանի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դարձյալ ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ՝ փաստորեն անտեսելով Բլինքենի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հորդորը: Ավելին, այդ հեռախոսազրույցից ժամեր հետո Բաքուն հերթական անգամ դադարեցնում է Արցախի գազամատակարարումը:
Սրան հաջորդում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբի հորդորը, որով Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։
Համարժե՞ք արձագանք է սա:

Իհարկե, ոչ, մանավանդ՝ Հաագայի դատարանի որոշումից հետո:
Ավելին, երբ կողմերի միջև հավասարության նշան է դրվում, դրանով խրախուսվում է Ալիևի ագրեսիվ օրակարգը:
Կամ երեկ Երասխի հատվածի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացել է զինծառայող: Ու սա տեղի է ունեցել ԵՄ դիտորդների՝ Հայաստանում գտնվելու ժամանակ: Եվրոպական մայրաքաղաքներից, հավանաբար, կհնչեն հերթական լալահառաչ հայտարարությունները՝ երկու կողմերին ուղղված հորդորներով, ինչը դարձյալ որևէ կերպ չի զսպելու, կաշկանդելու Ալիևին:
Եթե նույնիսկ այս պարագայում գործի չեն դրվում արևմտյան պատժամիջոցները, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովելու մասին հավաստիացումները հեքիաթի ժանրից են:
Պաշտոնական Երևանը պատասխանատվության հարցը պետք է բարձրացնի բոլոր կենտրոնների առջև, հակառակ դեպքում՝ արևմտյան կենտրոնները կարող են նպաստել ապակայունացնող գործոններին կամ անգործություն դրսևերել՝ պատասխանատվության ողջ բեռը թողնելով բացառապես իրենց ստրատեգիական հակառակորդ Ռուսաստանի ուսերին:
Նման իրավիճակում Հայաստանի անվտանգային ռիսկերը միայն ավելանալու են:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր