Բլինքենի չհիմնավորված լավատեսությունը

Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքն է: Դիվանագետը շեշտում է՝ չի չափազանցնում։ Ամերիկացի պաշտոնյան այս մասին խոսել է ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
Բլինքենի լավատեսությունն, իհարկե, կոնկրետ հիմքեր չունի, ավելին՝ ԱՄՆ պետքարտուղարը հետևողականորեն չի ամրագրում անգամ Վաշինգտոնի պատասխանատվությունը՝ շարունակ պնդելով, թե իրենք կողմերին որևէ բան պարտադրելու մտադրություն չունեն:
«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»,- երեկ կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ թեև, ի տարբերություն Բլինքենի, Հայաստանի վարչապետի խոսքում հոռետեսական շեշտադրումներն ավելի շատ են եղել՝ ադրբեջանական ագրեսիայի կոնկրետ օրինակների մատնանշմամբ:
Երևանը շարունակում է պնդել՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտագության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։
Այլ խոսքով, պաշտոնական Երևանը կարևորում է, որ հնարավոր խաղաղության պայմանագիրն ունենա միջազգային երաշխավոր կամ երաշխավորներ, ինչը, սակայն, Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության պայմաններում գրեթե անհնար է:
Ըստ այդմ, Փաշինյանի հիշատակումները խաղաղության պայմանագրի մասին ընդամենը կարգախոսային բնույթ ունեն, որոնք լավագույն դեպքում՝ ցույց են տալիս պաշտոնական Երևանի խաղաղասիրական ապարդյուն ջանքերը՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության համատեքստում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր