Էդգար Ղազարյանը միայնակ հաղթեց…

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էդգար Ղազարյանը միայնակ հաղթեց: Դիտեցի ԱԺ մարդու իրավունքի հանձնաժողովի հայտնի նիստը՝ ՄԻՊ թեկնածուի առնչությամբ:
Էդգար Ղազարյանի գործունեությամբ՝ թե նախկին, թե առավել եւս ներկա, առանձնապես չեմ հետաքրքրվում, թեեւ Լեհաստանում դեսպան եղած շրջանում հետեւել եմ աշխատանքի բերումով եւ գնահատականս եղել է դրական:
Ինչ է անում այսօր, եւ ինչպես, առանձնապես հետաքրքրված չեմ: Բայց, տարբեր արձագանքներ առաջացրին հետաքրքրություն նիստի հանդեպ: Դիտեցի: Պետք է արձանագրեմ, որ Էդգար Ղազարյանը միայնակ հաղթեց նիստին ներկա մեծամասնության գործնականում բոլոր պատգամավորներին, թերեւս Վլադիմիր Վարդանյանի բացառությամբ, որն իմ գնահատմամբ պահեց թե մասնագիտական, թե պատգամավորական կարգը:
Մյուսները հայտնվեցին խուլիգանությունից մինչեւ անճարակ ցինիզմի եւ աղմուկի դաշտում: Իսկ մտահոգության առարկան հենց դա է, որովհետեւ խոսքը խորհրդարանական մեծամասնության, այսինքն օրենքներ գրող, քվեարկող, քաղաքական օրակարգ ձեւավորող ուժի, այլ կերպ ասած պետության քաղաքական կյանքի որակ ձեւավորելու կոչված ուժի մասին է:
Ասել, թե այդպիսի «ցածրորակ» վարքագիծ պարտադրում են ընդդիմախոսները՝ իրենց վարքագծի ցածրորակությամբ, նշանակում է պարզապես արդարացնել անարդարացնելին եւ որեւէ իշխանությունից կերտել նոր հրեշ: Իսկ իշխանական համակարգերը միանգամից չէ, որ ստանում են հրեշավոր բնույթ: Դա տեղի է ունենում կաթիլ առ կաթիլ, եւ՝ թող չհնչի տարօրինակ, բայց անգամ հենց այդ իշխանության համար էլ աննկատ, եւ բնականաբար հանրային երկրպագության ուղեկցության ներքո, մինչեւ իքս պաահից արդեն հանրությունը ուշացումով նկատում է, որ ինքն այլեւս ոչ թե տրիբունայից իշխանություն-ընդդիմություն մարտին հետեւող երկրպագու է՝ որոշնները նաեւ VIP զոնայում, այլ արդեն հրեշի ոտքի մոտ կանգնած անզոր մի օբյեկտ:
Այն, ինչ տեղի էր ունենում նախօրեին խորհրդարանի հանձնաժողովի հայտնի նիստում, ըստ իս, այդ պրոցեսի մի ակնառու դրվագային մանրակերտ-ահազանգ էր:

Հ.Գ. ընդգծեմ եւ խնդրեմ, որ այս գրառումը բաց թողնեն Ղազարյանի, ընդդիմության, ՔՊ-ի, ՊՍԺ-ի եւ անգամ Ալաշկերտի երկրպագուները կամ ատյացները: Այս պատը տրիբունա չէ, խնդրում եմ չծանրաբեռնել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր