«Գնդակը Երևանի դաշտում է» կամ ինչպես Ռուսաստանը Հայաստանին կանգնեցրեց փակուղու առաջ

«Գեոպոլիտիկա» տելեգրամ-ալիքի հիմնադիր Վահե Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ – ադրբեջանական սահման հենց այն պահին, երբ Հայաստանը տա դրան իր համաձայնությունը։ Խոսքը ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական առաքելության մասին է։ «Գնդակը Երևանի դաշտում է»,-նշել է պաշտոնյան։
Զախարովայի այս հայտարարությունը պարունակում է բազմաթիվ տողատակեր և, եթե անկեղծ լինենք, նաև սպառնալիքներ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Ռուսաստանը ակնարկում է, որ եթե Հայաստանը համաձայնի ընդունել ՀԱՊԿ առաքելությունը, ապա կխուսափի նաև էսկալացիայից, իսկ եթե Հայաստանը դեմ արտահայտվի այդ առաքելության տեղակայմանը, ապա հնարավոր ագրեսիայի դեպքում Ռուսաստանը արդեն ուղիղ հայտարարելու է, որ պատրաստ էր գալ և կանխել իրադարձությունների նման զարգացումը, սակայն Հայաստանի իշխանությունները իրենք հրաժարվեցին այդ օգնությունից և երկիրը տարան ողբերգության։
Հայաստանի իշխանությունները հայտնվել են շատ ծանր դրության մեջ, սակայն արդար լինելու համար չենք կարող չարձանագրել, որ իրենք իրենց քայլերով հայտնվեցին փակուղու առաջ։ Եթե Հայաստանը ընդունում է ՀԱՊԿ առաքելությունը, ապա խախտում է արևմուտքի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները և փաստացի ԵՄ դիտորդների ներկայությունը դառնում է ավելորդ, իսկ եթե հրաժարվում է ՀԱՊԿ առաքելությունից, ապա հնարավոր էսկալացիայի դեպքում այլևս չի կարողանալու մեղադրել Ռուսաստանին, ավելին՝ Մոսկվան է ՀՀ իշխանություններին մեղադրելու ՀԱՊԿ օգնությունը մերժելու և գիտակցաբար էսկալացիայի գնալու մեջ։
Հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքներից հետո Հռոմի ստատուտի վավերացման հարցը սառեցնելը, ԱԺ փոխնախագահի մակարդակով Կրեմլի առաջ արդարանալը, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Հայաստան՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանը գնալու է ՀԱՊԿ առաքելությունն ընդունելու ճանապարհով, քանի որ ինքն իրեն այլ ելք չի թողել․ մյուս ճանապարհը էսկալացիան է, որին ոչ հայկական բանակը, ոչ էլ հասարակությունը պատրաստ չէ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր