Փաշինյանի արկածախնդրության հետևանքը

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում դարձյալ հանդես է եկել բազմաթիվ վիճահարույց հայտարարություններով, որոնց անդրադառնալու առիթ դեռ կլինի:
Բայց մեկին ուզում եմ հիմա անդրադառնալ, որովհետև դա ուղղակիորեն անդրադարձ է պատերազմի թեմային:
Նա իրենց իշխանության սխալը համարեց, որ 2018-ին ժողովրդին չեն ներկայացրել այն իրականությունը, որ Մադրիդյան սկզբունքներով ԼՂ սուբեկտությունը, անկախության հեռանկարը վտանգվել են. «Մենք մտածել եք, որ ինչ-որ ձևերով հնարավոր է այս թակարդից դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել՝ այդ թակարդից դուրս գալու համար: Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,-շեշտել է վարչապետը:
Այն, որ ԼՂ խնդրում 1998-ի փուլային տարբերակից ավելի բարենպաստ լուծում լինել չի կարող՝ դրա մասին բազմաթիվ առիթներով զգուշացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հենց 1998-ին ու դրանից հետո:
Այդ փաստարկներին Փաշինյանը ծանոթ է եղել ու եթե դրանք չի հասկացել, ապա, մեղմ ասած, քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, եթե, իհարկե, «չհասկանալու» այլ դիտավորություն չի ունեցել:
Կարծեմ, վարչապետ Փաշինյանի հետ, հեղափոխությունից հետո ունեցած միակ հանդիպման ժամանակ, Առաջին նախագահը նրան այս կարգի ճշմարտություններ է բացատրել: Եվս մեկ անգամ, բայց ապարդյուն:
Նիկոլին թվացել է, որ եթե Սերժին կարողացել է հրաժարական պարտադրել, ուրեմն՝ նրանից ավելի «ոչմիթիզական» կարող է լինել, եթե նույնիսկ նրա պահանջները՝ ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու և ԼՂ կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմից դուրս փաստաթղթավորելու վերաբերյալ, հավանության չեն արժանացել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության կողմից(այդ ամենը Փաշինյանն անվանում է «միջազգայնորեն համաձայնեցված թակարդ»):
Ինչ ուզում է Փաշինյանն անվանի միջազգային կոնսենսուսը, նա փաստացի խոստովանում է, որ իր մարտավարությամբ բանակցային գործընթացը մտցրել է փակուղի՝ ճանապարհ բացելով պատերազմի համար:
2018-20թթ-ին Փաշինյանն այսօրվա «ծեծվածը» չէր, հեղափոխություն արած «ուժեղ տղա էր» ու հաշվի չի առել միջազգային համատեքստը, դիվանագիտական միջավայրը, ուժերի հարաբերակցությունը ու դաժան բան ասեմ՝ պատերազմի մեջ գուցե շանս է տեսել, Տիգրան Մեծ դառնալու շանս:
Ու Փաշինյանի արկածախնդրության համար պատասխան տվեցին փլատակի վերածված Արցախն ու լիմոնի պես ճզմված Հայաստանը:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր